“Աղքատության մոնիտորինգը և նպատակային հասցեական ծրագրերը Հարավկովկասյան երեք հանրապետություններում”

0
129

2011թ. ապրիլի 19-20-ը Վրաստանում (ք. Թբիլիսի) տեղի ունեցավ “Աղքատության մոնիտորինգը և նպատակային հասցեական ծրագրերը Հարավկովկասյան երեք հանրապետություններում” թեմայով Համաշխարհային բանկի հարավկովկասյան գրասենյակի կողմից կազմակերպած երկօրյա ուսումնական սեմինարը, որին հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցում էր ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը:

Սեմինարի բացումը կատարեցին Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Անդրեյ Ուռուշաձեն, համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային զարգացման բաժանմունքի պատասխանատու Ջեսկո Հենչելը  և Վրաստանում UNICEF-ի պատասխանատու Ռոլանդ Մոնասխը:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը:

Աշխատանքային երկու օրերի ընթացքում կազմակերպվեց 7 սեսիա, որոնց ընթացքում ներկայացվեցին մասնավորապես` աղքատության գնահատումն ու վերլուծությունն ըստ երկրների, աղքատության գնահատման միջազգային լավագույն փորձը, “Տնային տնտեսությունների հետազոտության ընտրանք, տեղեկատվական բազայի ստեղծում, վերլուծություն”, “Աղքատության հաղթահարման ուղղությամբ իրականացվող սոցիալական աջակցության քաղաքականություն”, “Սոցիալական աջակցության ծրագրեր” թեմաներով զեկույցներ:

Ներկայացվեցին միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող քաղաքականությունները, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից Հայաստանում և Վրաստանում իրականացված հետազոտությունները, որոնք գնահատում են երկու երկրներում գործող սոցիալական հասցեական ծրագրերը:

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսության մարդկային զարգացման բաժնի պատասխանատուն ներկայացրեց սոցիալական աջակցության բնագավառում ՀԲ-ի որդեգրած նոր մոտեցումները, Վրաստանում UNICEF-ի պատասխանատուն` Վրաստանում սոցիալական հասցեական ծրագրից օգտվելու համար քաղաքացիների չդիմելու հիմնական պատճառները և առաջարկություններն այդ ուղղությամբ, իսկ ՀԲ փորձագետ Վիկտորիա Լևինը ներկայացրեց Հայաստանում իրականացրած “Սոցիալական աջակցության ծրագրերը և աշխատանքի ապախթանիչները” հետազոտության արդյունքները:

Ամփոփիչ սեսիայի ընթացքում քննարկվեցին սեմինարի ընթացքում ներկայացված նյութերը, բոլոր մասնակիցները խոսեցին սեմինարի ընթացքում ձեռք բերած փորձի, ինչպես նաև դրա հնարավոր կիրառման, եզրակացությունների և  հետագա անելիքների մասին:

Հայկական կողմի ներկայացմամբ` սոցիալական աջակցության բնագավառի զարգացումներն ուղղված են ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրմանը:

Հարկ է նշել, որ բոլոր սեսիաների ընթացքում ներկայացումներից հետո մասնակիցներին տրվում էր հնարավորություն` կատարելու հարցադրումներ կամ մեկնաբանելու ու քննարկելու ներկայացված նյութը:

2011թ. ապրիլի 19-ի երկրորդ կեսին սեմինարի մասնակիցներն այցելեցին Վրաստանի սոցիալական աջակցության գործակալություն, որն ամբողջ Վրաստանում ունի 68 տարածքային կենտրոններ (կենտրոնական ենթակայություն), ինչպես  նաև Մցխեթիի տարածքային կենտրոն: