ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության և գիտության նախարարներ Արթուր Գրիգորյանն ու Արմեն Աշոտյանը ստորագրեցին համատեղ հրաման, որի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված “Հայաստան–պարենային ապահովության ծրագիր 2010″ծրագից:
“Համատեղ հրամանով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը սահմանված ժամկետում կկատարի ուսումնասիրություններ` պարզելու հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների կրթական և սոցիալական կարիքները, որոնց հիման վրա կմշակվեն երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր”,-նշեց պարոն Գրիգորյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարն էլ կարևորեց համալիր մոտեցումը: “Երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կառավարության քայլերը համալիր լուծումներ են պահանջում: Գաղտնիք չէ, որ հատուկ դպրոցներում սովորող երեխաներն ունեն խնդիրներ: Կհամատեղենք երկու նախարարությունների ջանքերը` ամեն խնդրի հետևում տեսնելու կոնկրետ երեխային` իր առանձնահատկություններով”,-նշեց պարոն Աշոտյանը:
Որպես հիմնական խնդիր նախարարները նշեցին սոցիալական պատճառներով հատուկ հաստատություններում կրթության առանձնահատուկ կարիք չունեցող երեխաների առկայությունը, ինչը պետք է հայտնաբերվի և բացառվի:
Ուսումնասիրությունների արդյունքում կմշակվի “Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում և դրանցում խնամվող երեխաների սոցիալական պաշտպանությունն ապահովող գործողությունների ծրագիրը”, որը ևս կհաստատվի նախարարների համատեղ հրամանով:
Հայաստանի Հանրապետությունում շուրջ 2800 երեխա գտնվում է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում: