Հրազդան քաղաքում կազմակերպվեց սեմինար-խորհրդատվություն

0
103

2011թ. ապրիլի 6-ին ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից Հրազդան քաղաքում կազմակերպվեց սեմինար-խորհրդատվություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ Հ. Մանուկյանը, պետի տեղակալ Ա. Սմբատյանը, իրավական վերահսկողության բաժնի պետ Վ. Դանիելյանը, Կոտայքի մարզի տարածքային կենտրոնի պետ Մ. Մանասյանը և կենտրոնի աշխատակիցները: Հանդիպման նպատակը անձամբ մասնակցելն էր սեմինար-խորհրդատվությանը, լսել գործատուներին հուզող հարցերը: 2010թ. ընթացքում տեսչությունը կազմակերպել էր բազմաթիվ սեմինարներ, որոնց մասնակցել են ավելի շատ գործատուների ներկայացուցիչներ, քան 2009թ.:

“ՀՀ աշխատանքի պետական տեսչությունից այսօր խորհդրդատվություն են ստանում նաև էլեկտրոնային փոստի միջոցով` այցելելով տեսչության պաշտոնական կայքէջ: Իրականացված միջոցառումները նպաստել են օրենսդրության դրույթների կիրարկման վերաբերյալ գործատուների գիտելիքների բարձրացմանը, որը սակայն հաճախ ծառայում է ոչ թե ի շահ աշխատողի իրավունքի, այլ փաստաթղթերի ձևական բարելավմանը: Ես կոչ եմ անում գործատուներին ոչ թե փաստաթղթերով ցույց տալ աշխատանքի օրինականությունը, այլ ապահովել աշխատողների օրենքով սահմանված երաշխիքները, որպեսզի փաստաթղթերն ու իրականությունը համընկնեն իրար”,- իր խոսքւոմ նշեց պարոն Մանուկյանը:

ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը որդեգրել է նոր քաղաքականություն, այսուհետ սեմինարներ են կազմակերպվելու նաև աշխատողների համար, որպեսզի ծանոթանան իրենց իրավունքներին: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև այն գործատուների մասին, որոնք նախորդ տարվա ցուցանիշներով 70 միլիոն դրամից ցածր շրջանառություն ունեին: Նշված գործատուները ունեն առավելություն, /հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ նրանք չեն ենթարկվում ստուգումների/ որը պետք է օգտագործեն ոչ թե չարաշահումների և խախտումների համար, այլ գնահատելով այդպիսի մոտեցումը իրենց նկատմամբ` գործեն օրենքով և չոտնահարեն աշխատողների իրավունքները:

Սեմինար – խորհրդատվությանը մասնակցում էին ութսուն գործատուի ներկայացուցիչ: Տեսչության մասնագետների կողմից մասնակիցներին պարզաբանումներ տրվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթների վերաբերյալ: