2009թ. հունիսի 3-ից 19-ը Ժնևում տեղի է ունենում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հերթական կոնֆերանսը, որին մասնակցում է շուրջ չորս հազար պատգամավոր, այդ թվում` աշխատանքի նախարարներ, ԱՄԿ-ի անդամ ավելի քան 183 պետությունների գործատուների և աշխատողների միությունների ղեկավարներ: Յուրաքանչյուր անդամ-պետությունից կոնֆերանսին մասնակցում է չորս պատգամավոր. երկուսը` կառավարությունից, մեկական` գործատուներից և աշխատողներից:
Պատգամավորները միասին կփնտրեն աշխատանքի և զբաղվածության ոլորտում տնտեսական ու ֆինանսական աճող ճգնաժամի հակազդեցության ուղիները: Ամենամյա այս կոնֆերանսը նպատակ ունի քննարկել ոչ միայն աշխատողների ու նրանց ընտանիքների պաշտպանությանն ուղղված ու ձեռնարկություններին ճգնաժամի հետևանքներից ապահովագրելու ուղիներն ու մեթոդները, այլև տնտեսության և զբաղվածության ոլորտների արագ վերականգման գործընթացը:
Հունիսի 15-ից 17-ը տեղի կունենա կոնֆերանսի գլխավոր իրադարձությունը` ԱՄԿ-ի Գլոբալ գագաթնաժողովը, որը նվիրված կլինի զբաղվածության ոլորտում ճգնաժամի խնդիրներին: Գագաթնաժողովում ելույթ կունենան պետությունների և կառավարությունների տասը ղեկավարներ, ինչպես նաև մի շարք երկրների փոխնախագահներ, աշխատանքի նախարարներ, ԱՄԿ-ի անդամ մի շարք երկրների գործատուների միությունների և արհմիությունների ղեկավարներ:
Աշխատանքի միջազգային կոնֆերանսի օրակարգը վերջին պահին վերանայվեց. շեշտը դրվեց աշխատատեղերի վրա ճգնաժամի ազդեցության հաղթահարմանը քանի որ աշխարհի բոլոր երկրներում այն մասսայական բնույթ է կրում: Ըստ կանխատեսումների, աշխատանքից ազատման դեպքերի քանակը, գործազրկության ու աղքատության բարձր մակարդակը կպահպանվեն նաև 2010թ.: Կոնֆերանսի պատգամավորները կքննարկեն ոչ միայն զբաղվածությանն ու աշխատանքի արտադրողականության բարձրացմանն օժանդակելու քաղաքական միջոցների և գործողությունների փաթեթը, այլև սոցիալական և բնակչության պաշտպանության այլ ձևերի ընդլայնումը:
Կոնֆերանսի բացումից անմիջապես հետո իր աշխատանքը սկսեց ընդհանուր հակաճգնաժամային խնդիրներով զբաղվող հատուկ Կոմիտեն, որը մանրամասնորեն անդրադարձավ զբաղվածության ոլորտում առկա գլոբալ հակաճգնաժամային միջոցառումներին: Զուգահեռաբար տեղի են ունենում գենդերային հավասարության, արժանապատիվ աշխատանքի, աշխատանքային ստանդարտների կիրառմանը վերաբերող քննարկումներ: Պատգամավորները կքննարկեն նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ու աշխատանքի ոլորտին նվիրված ԱՄԿ-ի նոր ստանդարտը:
Կոնֆերանսի շրջանակներում կանցկանցվեն բարձր մակարդակի հանդիպումներ որոշում կայացնող պատասխանատուների, բիզնեսի ներկայացուցիչների, միջազգային ու տարածքային կազմակերպությունների աշխատողների, այլ հեղինակավոր առաջնորդների հետ: Թեմաներն են` գլոբալ ճգնաժամ, ձեռնարկությունների դերը, քաղաքականությունը զբաղվածության ոլորտում, սոցիալական պաշտպանություն, աշխատանքային իրավունքներ, աշխատանքային ստանդարտներ, սոցիալական երկխոսություն, որոնք հանդիսանում են արժանապատիվ աշխատանքի սկզբունքների վրա հիմնված, տնտեսության առողջացմանն ու աճին նպաստող գործոններ:
Հունիսի 3-ի ընդհանուր նիստի ժամանակ ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Խուան Սոմավիան ելույթ ունեցավ ընդհանրական զեկույցով, որը նվիրված էր զբաղվածության ոլորտի գլոբալ ճգնաժամին և նրա հաղթահարման ուղիներին: Զեկույցում ներառված էին “Աշխատատեղերի վերաբերյալ Գլոբալ պայմանագրի” ընդհանուր դրույթները, որը ԱՄԿ-ի ներդրումն է տնտեսական առողջացման, տարբեր մակարդակներում ուղիների որոնման գործընթացում: Կոնֆերանսը կքննարկի նաև ԱՄԿ-ի 2010-2011թթ. բյուջեն ու ծրագիրը:
Ըստ սահմանված օրակարգի, պատգամավորները հանձնարարական-առաջարկությունների ձևաչափով կքննարկեն ԱՄԿ-ի նոր ստանդարտը, որը նվիրված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին և աշխատանքի ոլորտին: Քննարկումների երկրորդ փուլը տեղի կունենա 2010թ. հունիսին: ԱՄԿ-ի հանձնարարական-առաջարկությունները պարտադիր փաստաթղթեր չեն և իրենց մեջ ներառում են ազգային քաղաքականության և օրինաստեղծ գործունեության ղեկավարող սկզբունքներ, սակայն ԱՄԿ անդամ պետությունները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ դրանց կիրառման վերաբերյալ:
Կոնֆերանսը կքննարկի նաև աշխատանքի ոլորտում գոյություն ունեցող գենդերային հավասարությանը վերաբերող հարցերը` որպես ԱՄԿ-ի ծրագրի կողմից ձևավորված Արժանապատիվ աշխատանքի գլխավոր տարր: Կոնֆերանսի համար պատրաստված հատուկ զեկույցը նվիրված է գենդերային հավասարության խնդիրներին, այն դրական փորձին, որն առկա է գենդերային անհավասարության հաղթահարման, զբաղվածության ապահովման, սոցիալական պաշտպանության ու սոցիալական երկխոսության ոլորտներում:
Կոնֆերանսի կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկությունների հարցերով զբաղվող կոմիտեն կուսումնասիրի երկրների կառավարությունների կողմից ԱՄԿ-ի ստանդարտների կատարման մասին տեղեկատվությունն ու զեկույցները: Մասնավորապես` կդիտարկվեն այն հաշվետվությունները, որոնք ներկայացված են ԱՄԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածի, աշխատանքի հիգիենայի ու անվտանգության վերաբերյալ 1981թ. կոնվենցիայի, աշխատանքի հիգիենայի և անվտանգության 1981թ. հանձնարարական-առաջարկությունների, 2002թ. արձանագրության համապատասխան:
Հունիսի 9-ին պատգամավորները լիագումար նիստում քննարկեցին հարկադիր աշխատանքի վերաբերյալ ԱՄԿ-ի ամենամյա Գլոբալ զեկույցի դրույթներն ու եզրակացությունները: “Հարկադրանքի գինը” զեկույցի հեղինակները պնդում են, որ հարկադիր աշխատանքի ենթարկված աշխատողների “կորցրած հնարավորությունները” կազմում են ավելի քան 20 միլիարդ դոլար: Լիագումար նիստում կքննարկվի նաև արաբական գրավյալ տարածքներում աշխատավորների վիճակի վերաբերյալ ԱՄԿ-ի վերջին զեկույցը:
Սկսած 1919թ. Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ կողմից կազմակերպված Կոնֆերանսը համարվում է միջազգային կարևորագույն ֆորում, որտեղ քննարկվում են համաշխարհային նշանակություն ունեցող սոցիալական և աշխատանքային հարցեր: