ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ.Պետրոսյանն ընդունեց ֆրանսիական Քրեթեյ քաղաքի պատվիրակությանը

0
94

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ.Պետրոսյանն ընդունեց ֆրանսիական Քրեթեյ քաղաքի պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել “Քրեթեյի քաղաքապետարանի, Քույր քաղաքների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության միջև” 1999 թվականի հունվարի 13-ի համաձայնագրի “Մանկատներում խնամվող 3-12 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը  խնամատար ընտանիքում” ծրագրի ընթացքի և շարունակականության հարցերը:

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն հայտնեց տարիների պատմություն ունեցող համագործակցության համար: “Մենք բարձր ենք գնահատում ցանկացած ծրագիր, որն ունի բարեգործական նպատակներ: Մենք շահագրգռված ենք, որ մեր համագործակցությունը շարունակություն ունենա”, – նշեց պարոն Պետրոսյանը:

Ծրագրի շրջանակներում մանկատան ինը երեխա դաստիարակություն և խնամք է ստացել ութ ընտանիքում, յուրաքանչյուր երեխայի խնամքի համար ամսական տրամադրվել է 65 ԱՄՆ դոլարին, իսկ յուրաքանչյուր ուսումնական տարվա առաջին ամսին` 50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Չնայած երեխաներից հինգն արդեն չափահաս են, սակայն խնամատար ընտանիքների հետ ամուր կապի շնորհիվ նրանք դարձել են  այդ ընտանիքների անդամներ  /մեկը որդեգրվել է խնամատար ծնողի կողմից/:

Ծրագիրն արդեն մոտենում է ավարտին, սակայն հաշվի առնելով ձեռք բերված հաջողությունները, կողմերը մտադիր են շարունակել այն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը`  գործող  ծրագրի իրականացման և նորի  մշակման ուղղությամբ: