Հայտարարություն պետական հավաստագրերի հիման վրա աջակցող սարքեր (միջոցներ) տրամադրող կազմակերպությունների որակավորման գործընթացը սկսելու վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սկսվել է աջակցող միջոցներ տրամադրող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի որակավորման գործընթացը: Որակավորման գործընթացն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 16-ի N 121-Ա/1 հրամանի դրույթների:
Որակավորման գործընթացն իրականացվում է Նախարարի վերը նշված հրամանով ստեղծված մշտապես գործող որակավորման հանձնաժողովի կողմից, որը բացում, գնահատում և որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերի հիման վրա տալիս է եզրակացություն Կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու վերաբերյալ: Որակավորման գործընթացին մասնակցելու դիմում-հայտ ներկայացրած Կազմակերպությունները (նրանց ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել դիմում-հայտերի բացման և գնահատման նիստերին, ծանոթանալ նիստերի արձանագրություններին: Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել որակավորված Կազմակերպությունների ցանկում: Ցանկում ներառված (որակավորված) Կազմակերպութjունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր գրավոր դիմումի համաձայն։
- ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Աջակցող միջոցներ տրամադրելու նպատակով իրականացվող որակավորման գործընթացին մասնակցելու համար կարող է դիմել այն Կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ պահանջներին՝
1) ունի որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա մասնագիտական փորձառություն: Մասնագիտական փորձառություն է համարվում բժշկական սարքերի, սարքավորումների կամ պրոթեզաօրթոպեդիկ կամ վերականգնողական պարագաների կամ վերականգնման տեխնիկական միջոցների ձեռքբերման և տրամադրման կամ դեղատնային գործունեությամբ զբաղվելու փորձառությունը,
2) Երևանում գործելու դեպքում` ունի սպասարկման կետ կամ ներկայացուցչություն Երևան քաղաքին ոչ սահմանակից առնվազն մեկ մարզում,
3) ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Պայմանագրով ստանձնած պարտավորությունները առանց կանխավճարի կատարելու համար,
4) ունի աշխատանքային ռեսուրսներ՝ շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար համապատասխան մասնագետներ, լսողական սարք տրամադրող կազմակերպություններ՝ նաև համապատասխան մասնագետ՝ շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և հարմարեցնելու համար, իսկ վերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթեզների պատրաստման համար առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ,
5) ունի Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա) և մատչելի շենքային պայմաններ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, ներառյալ անարգել մուտք Կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանարպետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն,
6) Կազմակերպության կողմից ներկրվող՝ պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցները (այդ թվում նաև աջակցող միջոցների դետալներ և մասեր) պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համպատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր: Նախարարության համար ընդունելի է համարվում վերը նշված ստանդարտների համապատասխանության այն հավաստագիրը կամ հայտարարագիրը, որը ճանաչված է ԱՊՀ երկրներում, կամ դրան կից կազմակերպությունը ներկայացրել է փորձարկում անցնելու վերաբերյալ արձանագրություն կամ կազմակերպության կողմից ներկայացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից տրված միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու վերաբերյալ համապատասխան հավաստագիր կամ հայտարարագիր:
- ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Աջակցող միջոց տրամադրելու համար Կազմակերպությունն Նախարարություն է ներկայացնում որակավորում անցնելու կամահայտնության վերաբերյալ Նախարարություն հասցեագրած գրությունը և հետևյալ փաստաթղթերը`
- դիմում-հայտ` համաձայն Ձև 1-ի,
- տեղեկանք-հայտարարագիր Կազմակերպության նախկին աշխատանքային գործունեության մասին, որում ներառված է տեղեկատվություն որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա մասնագիտական փորձառության վերաբերյալ:
- տեղեկանք-հայտարարագիր՝
- ա. լսողական սարքեր տրամադրելու դեպքում` դրանք տեղադրելու և հարմարեցնելու համապատասխան փորձառություն ունեցող մասնագետի առկայության վերաբերյալ,
- բ. մյուս աջակցող միջոցներ տրամադրելու դեպքում՝ համապատասխան մասնագետ-խորհրդատուի առկայության վերաբերյալ,
- վերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթեզների պատրաստման համար առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ,
- տեղեկանք-հայտարարագիր Կազմակերպության կողմից սպասարկումն իրականացնելու վայրի մատչելի շենքային պայմաններ ունենալու վերաբերյալ, որում ներառված է տեղեկատվություն տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման նպատակով իրականացված աշխատանքների մասին, ներառյալ անարգել մուտք Կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ թեքահարթակ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն,
- տեղեկանք-հայտարարագիր այն մասին, որ Կազմակերպությունն ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու համար,
- տեղեկատվություն պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող՝ հայտարարությամբ ներկայացված Նվազագույն պահանջներին համապատասխանող Պարագաների վերաբերյալ (դրանց անվանումները, ապրանքանիշը, մոդելը, տեխնիկական նկարագրությունները, լուսանկարները, գները, միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտների համպատասխանության հավաստագրի կամ հայտարարագրի պատճենը և այլ տեղեկատվություն)՝ համաձայն Ձև 2-ի,
- այլ տեղեկատվություն (Կազմակերպության ցանկությամբ):
Վերոհիշյալ փաստաթղթերը պետք է վավերացված լինեն Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ իրավասու ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):
Կազմակերպությունը որակավորում անցնելու կամահայտնության վերաբերյալ գրությունը և վերը նշված փաստաթղթերը Նախարարություն է ներկայացնում առձեռն կամ պատվիրված նամակ ուղարկելու միջոցով (փոստային կապի միջոցով), կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով` ուղարկելով Նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ info@old.mlsa.am:
Կազմակերպության կողմից սահմանված պահանջներին չհամապատասխանող, ոչ հավաստի կամ թերի փաստաթղթեր կամ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում Նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Կազմակերպությանը, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում Նախարարություն է ներկայացնում շտկված փաստաթղթերը: Երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը Նախարարություն չներկայացնելու դեպքում, Կազմակերպությունը Պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել երկու ամիս հետո:
- ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԳԻՆԸ
Կազմակերպությունը կարող է հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի տեսակ աջակցող միջոցներ տրամադրելու համար: 2019թ. նախատեսված է տրամադրել 82 տեսակ աջակցող միջոց` հետևյալ միավորի արժեքներով.
Հ/Հ | ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՄԻԱՎՈՐ ԱՐԺԵՔԸ
(ՀՀ դրամ) |
Պրոթեզներ | ||
1 | Դաստակի կոսմետիկ պրոթեզ | 242000 |
2 | Նախաբազկի ձգողական պրոթեզ | 530000 |
3 | Բազկի ձգողական պրոթեզ | 960000 |
4 | Նախաբազկի կոսմետիկ պրոթեզ | 458000 |
5 | Բազկի կոսմետիկ պրոթեզ | 778000 |
6 | Բազկի միոպրոթեզ | 2545000 |
7 | Նախաբազկի միոպրոթեզ | 1975000 |
8 | Ուսի էկզարտիկ պրոթեզ | 558000 |
9 | Թաթի պրոթեզ՝ ըստ Լիս Ֆրանկի | 170000 |
10 | Թաթի պրոթեզ՝ ըստ Շոպարի | 245000 |
11 | Սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ | 558000 |
12 | Սրունքի էկզոսկելիտար ոչ մոդուլյար պրոթեզ | 385000 |
13 | Սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե լայներով | 1165000 |
14 | Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ կաշվից | 300000 |
15 | Սրունքի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից ընդունիչով | 409000 |
16 | Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ մանժետով | 535000 |
17 | Սրունքի պրոթեզ ըստ Պիրոգովի և Սայմի | 290000 |
18 | Ծնկահոդի էկզարտիկ պրոթեզ | 1160000 |
19 | Ազդրի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից ընդունիչով | 565000 |
20 | Ազդրի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից, շինայով | 598000 |
21 | Ազդրի էկզոսկելիտար պրոթեզ կաշվից | 565000 |
22 | Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ | 1010000 |
23 | Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ լրացուցիչ (ISNI) ներդիրով | 1045000 |
24 | Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե լայներով | 1795000 |
25 | Կոնք-ազդրի էկզարտիկ պրոթեզ | 1275000 |
26 | Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ նստատեղի հենարանով` կաշվից | 399000 |
27 | Ազդրի բուժամարզական պրոթեզ լամինացիայով | 639000 |
28 | Սրունքի բուժամարզական պրոթեզ լամինացիայով | 310000 |
29 | Ակնագնդի (աչքի) պրոթեզներ | 70000 |
30 | Կրծքագեղձի էկզոպրոթեզներ | 26980 |
ՕՐԹԵԶՆԵՐ | ||
31 | Ճաճանչ-դաստակային օրթեզ առանց հոդի, պլաստիկից | 26900 |
32 | Արմնկային օրթեզ առանց հոդի, պլաստիկից | 38000 |
33 | Արմնկային օրթեզ հոդով, պլաստիկից | 148900 |
34 | Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, պլաստիկից(AFO) | 32980 |
35 | Սրունք թաթային օրթեզ առանց հոդի, լամինացիայով(AF) | 116000 |
36 | Ծնկան հոդի օրթեզ առանց հոդի պլաստիկից(KO) | 50000 |
37 | Ամբողջ ոտքի օրթեզ առանց հոդի պլաստիկից | 63800 |
38 | Սրունք-թաթային օրթեզ հոդով պլաստիկից(AFO) | 118000 |
39 | Սրունք-թաթային օրթեզ հոդով, լամինացիայով(AFO) | 139000 |
40 | Ծնկան հոդի օրթեզ հոդով, պլաստիկից (KO) | 159900 |
41 | Ծնկան հոդի օրթեզ հոդով, լամինացիայով (KO) | 187000 |
42 | Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, կաշվից | 289000 |
43 | Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, պլաստիկից | 229800 |
44 | Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, լամինացիայով | 324000 |
45 | Սրունքի օրթոպրոթեզ կաշվից | 177000 |
46 | Սրունքի օրթոպրոթեզ պլաստիկից | 236000 |
47 | Սրունքի օրթոպրոթեզ լամինացիայով | 250000 |
48 | Ազդրի օրթոպրոթեզ կաշվից | 325000 |
49 | Ազդրի օրթոպրոթեզ պլաստիկից | 299000 |
50 | Ազդրի օրթոպրոթեզ լամինացիայով | 430000 |
51 | Պարանոցի օրթեզ` սեղմիրան (CO) | 40000 |
52 | Պարանոցա-կրծքային օրթեզ` սեղմիրան (CTO) | 100000 |
53 | Պարանոցա-կրծքա-գոտկային օրթեզ` սեղմիրան (CTLO) | 140000 |
54 | Կրծքա-գոտկա-սրբանային օրթեզ` սեղմիրան (TLSO) | 139000 |
55 | Գոտկա-սրբանային օրթեզ` սեղմիրան (LSO) | 160000 |
56 | Կրկնակի կաղապարով օրթեզ` սեղմիրան (TLSO) | 168000 |
ԱՋԱԿՑՈՂ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ | ||
57 | Սեղմիրան փափուկ | 18450 |
58 | Սեղմիրան կիսակոշտ | 17450 |
59 | Ռեկլինատոր | 7500 |
60 | Աճուկային աղեկապ | 7900 |
61 | Որովայնի աղեկապ | 12890 |
62 | Ծնկակալ | 6000 |
63 | Արմնկային հենակ | 4280 |
64 | Թևատակի հենակ | 6490 |
65 | Ձեռնափայտ սովորական | 2700 |
66 | «Սպիտակ ձեռնափայտ» տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար | 6840 |
67 | Քայլակ սովորական | 16900 |
68 | Ետնաքայլակ մուկ ունեցող երեխաների համար | 86000 |
69 | Փոքր տրամաչափի սայլակ | 46000 |
70 | լսողական սարքերի անհատական ներդիրներ | 4950 |
71 | Ներդիր հարթաթաթության համար | 10101 |
72 | Օրթոպեդիկ շտկող ներդիր | 14500 |
73 | Պրոթեզի կոշիկ | 13500 |
74 | Օրթեզի կոշիկ | 18500 |
75 | Օրթոպեդիկ կոշիկ | 28500 |
76 | Բաշմակ (ոտնաման) | 9900 |
77 | Անվասայլակ | 95000 |
78 | «Լսողական սարք (30 տարեկան եվ ավելի բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց տրամադրվող) | 30000 |
79 | Լսողական սարք (12-29 տարեկան անձանց տրամադրվող) | 80000 |
80 | Ստորին վերջույթի բրդյա-բամբակյա գուլպաներ | 2700 |
81 | Ստորին վերջույթի սիլիկոնե գուլպաներ | 26000 |
82 | Ձայնաստեղծ սարքեր և պրոթեզներ | 345000 |
Վերը նշված գները պետության կողմից փոխհատուցվող գներն են: Եթե կազմակերպության կողմից վերը նշված աջակցող միջոցների համար սահմանվում են ավելի բարձր գներ, քան պետության կողմից փոխհատուցվող գներն են, ապա աջակցող միջոցներ ստանալու իրավունք ունեցող անձինք կարող են փոխհատուցել գների տարբերությունը:
- ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
Որակավորված կազմակերպությունների կողմից տրամադրվում են այնպիսի աջակցող միջոցներ, որոնք բավարարում են հետևյալ Նվազագույն պահանջներին: Կազմակերպությունը կարող է տրամադրել Նվազագույն պահանջներից տարբերվող՝ ավելի որակյալ` գնային արժեքով ավելի բարձր կամ Նվազագույն պահանջները գերազանցողը տեխնիկական նկարագրեր ունեցող աջակցող միջոցներ:
Կազմակերպությունը նույնիսկ աջակցող միջոցը ստանալու իրավունք ունեցող անձի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի աջակցող միջոց, որը չի համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին: Կազմակերպության և Նախարարության միջև կնքվում է պայմանագիր աջակցող միջոցներ տրամադրելու մասին համաձայն պայմանագրի օրինակելի ձևի:
Պայմանագրերը կնքվում են անժամկետ։
Կազմակերպությունը կարող է յուրաքանչյուր պահ լուծել պայմանագիրը եթե մարված են պայմանագրով նախատեսված պարտավորությունները (երաշխիքային սպասարկումը), կամ եթե այդ պարտավորությունները Կազմակերպությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխանցել է այլ կազմակերպությանը, որը նույնպես բավարարում է ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի պահանջներին:
Որակավորման գործընթացի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://old.mlsa.am/?p=19743: