Ապրիլի 26-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ “Ներդաշնակ հասարակություն” սոցիալական աշխատողների ասոցիացիայի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի համագործակցությամբ կազմակերպված սոցիալական աշխատողների միջազգային խորհրդաժողով` “Սոցիալական աշխատանքն արդի սոցիալական բարեփոխումների համատեքստում. իրականություն և հեռանկարներ” թեմայով, որի նպատակն էր քննարկման առարկա դարձնել սոցիալական աշխատանք մասնագիտության և սոցիալական ոլորտի մասնագետների խնդիրները` պայմանավորված սոցիալական ոլորտում տեղի ունեցող ներկայիս արմատական բնույթի բարեփոխումներով: Խորհրդաժողովի ընթացքում կազմակերպվել էր նաև սոցիալական ծառայությունների ցուցահանդես:
Խորհրդաժողովին հրավիրված էին 150 սոցիալական մասնագետներ պետական և ոչ պետական կառույցներից, եվրոպական և հարակից երկրներից ժամանած մոտ 60 պատվիրակներ, բարձրաստիճան պետական այրեր:
Համաժողովը ողջունելու էր եկել Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանը, ով քաջալերեց ներկաներին մասնակիցը դառնալու կառավարության որդեգրած սոցիալական ոլորտի գլոբալ բարեփոխումներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանն ընդգծեց սոցիալական զարգացմանն ուղղված բարեփոխումների իրագործման վերաբերյալ քաղաքական կամքի առկայությունը և այդ գործընթացում սոցիալական ոլորտի մասնագետների, կադրերի կարևոր դերակատարությունը:
Խորհրդաժողովի ընթացքում սոցիալական աշխատանքի տեղի մասնագետները հնարավորություն ստացան շփվել եվրոպական և հարակից երկրներից հրավիրված սոցիալական աշխատողների ազգային ասոցիացիաների ճանաչված մասնագետների հետ: Ծանոթանալով առաջավոր պրակտիկայի` այլ երկրների փորձի, սոցիալական աշխատողների և ընդհանուր առմամբ սոցիալական մասնագետների` սոցիալական քաղաքականության գլոբալ փոփոխություններին ուղղված համընդհանուր ջանքերով իրականացվող գործունեության հետ հայ սոցիալական մասնագետները ուրվագծեցին իրենց առաջիկա խնդիրները ինչպես երկրի ընդհանուր սոցիալական քաղաքականության, այնպես էլ կոնկրետ ոլորտներում` կապված սոցիալական ծառայություններում ակնկալվող որակական փոփոխությունների հետ: