Մայիսի 22-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում ավելի քան 3500 երիտասարդ մասնակցեց “Կառուցի’ր քո ապագան այսօր. Կրթություն, զբաղվածություն, տնտեսություն” խորագրով երիտասարդների կարիերայի տոնավաճառին: Միջոցառման նպատակն էր օգնել մի կողմից երիտասարդներին տեղեկանալու աշխատաշուկայի առկա պահանջներին, թափուր աշխատատեղերի, աշխատանքային պրակտիկա և մասնագիտական հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու առաջարկներին, մյուս կողմից` դպրոցականներին և նրանց ծնողներին` կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում, ծանոթանալու մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն և ուսուցում ստանալու հնարավորություններին:
Բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Սեոնգը, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Սոնա Հարությունյանը, “Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը և ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի Աշխատանքի շուկայի բաղադրիչի ղեկավար Ջեյն Դեյլին:
Ներկա ժամանակաշրջանում փոխվել է “կարիերա” հասկացության իմաստը. “կարիերա” այլևս չի նշանակում առաջխաղացում աշխատանքում կամ մասնագիտության մեջ։ Կարիերան կյանքի ընթացքում մարդու կրթության, ուսումնառության, աշխատանքի հաջորդականությունն ու բազմազանությունն է։ Անցյալում կարիերայի վերաբերյալ որոշումներ կայացնելը շատերի կողմից համարվում էր մի պարզ գործողություն։ Հարկավոր էր սեփական անձի և հավանական աշխատատեղի մասին հավաքել և համադրել տեղեկություններ՝ ընտրություն կատարելու համար, հաճախ՝ մեկընդմիշտ։ Մերօրյա նոր միջավայրում անհատները պետք է ցուցաբերեն այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հարմարվողականությունը, ճկունությունը, սեփական նախաձեռնությունը և գործակցությունը՝ աշխատանքի տեղավորվելու և հաջողության հասնելու, ինչպես նաև իրենց համար աշխատանք ստեղծելու նպատակով։ Այս իմաստով կարիերայի տոնավաճառը եզակի հնարավորություն էր դպրոցականների և երիտասարդների համար, քանի որ մեկ հարկի տակ ներկայացված էր 65 գործատու, 7 բուհի կարիերայի կենտրոն և 7 մասնագիտական ուսումնական հաստատություն, կրթության և կարիերայի ոլորտում տեղեկատվություն-խորհրդատվություն տրամադրող մի շարք կազմակերպություններ: Մասնակից գործատուների կողմից ներկայացված էին շուրջ 400 թափուր աշխատատեղ և մեծաթիվ պրակտիկայի առաջարկներ:
Բացի տոնավաճառից, այցելուները հնարավորություն ունեցան մասնակցելու նաև ուսուցողական դասընթացների, ներկայացումների, պանելային քննարկումների, որոնց հիմնական թեմաներն էին ինքնակենսագրականի կառուցվածքը և հարցազրույց անցնելու ուղենիշերը` հայերեն և անգլերեն լեզուներով, մասնագիտական կողմնորոշումն ու երիտասարդների մրցունակությունը, աշխարհում ճանաչվող հավաստագրերը, ոչ ֆորմալ կրթությունը, ցկյանս ուսումնառությունը:
Ի թիվ այլ մասնակիցների, միջոցառմանն իր առանձին ինտերակտիվ տաղավարով, դասընթացով և խորհրդատվական սեղանով հանդես եկավ նաև Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը, որի մասնագետները օրվա ընթացքում տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրեցին շուրջ 1000 այցելուի` նրանց առավել մասնագիտացված ծառայություններ մատուցելու համար ուղղորդելով կենտրոն:
Ի դեպ, Երիտասարդների կարիերայի տոնավաճառն իրականություն դարձավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության, “Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն” ՊՈԱԿ-ի, Բրիտանական խորհրդի, Մեծահասարկների կրթության գերմանական ընկերակցության միջազգային ինստիտուտի, “Գլոբալ զարգացումներ” հիմնադրամի, Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի, Հայաստանի հանրապետական գործատուների միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և կրթական հաստատությունների ներկայացուցիչների գործընկերության շնորհիվ: Միջոցառումը կայացավ նրանց ներկայացուցիչներից կազմված կազմակերպչական կոմիտեի շուրջ 3 ամիս կատարած հետևողական աշխատանքների արդյունքում: