ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը նախարարության մի խումբ պատասխանատու աշխատակիցների հետ այցելեց Վայոց Ձորի մարզ` բնակիչների սոցիալական խնդիրներին տեղում ծանոթանալու և մարզի սոցիալական ծառայությունների ղեկավարների հետ առկա խնդիրները քննարկելու նպատակով:
Այցն սկսվեց քաղաքացիների ընդունելությամբ: Մարզի շուրջ 100 բնակիչներ հանդիպեցին ոլորտների պատասխանատուներին, ներկայացրեցին իրենց խնդիրները: Նախարարի հետ հանդիպեց շուրջ 20 քաղաքացի: Խնդիրները հիմնականում առնչվում էին ավանդների փոխհատուցմանը, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելուն, հաշմանդամության խմբերին, զբաղվածության հարցերին:
Չորս ժամ տևած ընդունելության արդյունքները կամփոփվեն առաջիկա օրերին, սակայն արդեն իսկ կարելի է փաստել, որ տեղում լուծում ստացավ շուրջ 20 հարց, ուսումնասիրություն պահանջող խնդիրները նախարարի հանձնարարականով վերցվեցին հսկողության տակ:
Նախարարի և Վայոց Ձորի մարզպետի հետ աշխատանքային քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակիցներ, մարզի սոցիալական ծառայությունների ղեկավարներ, համայնքապետեր: Ծավալվեց մտքերի փոխանակություն, քննարկվեցին “Վարձատրվող հասարակական աշխատանքներ” ծրագրի շարունակականության, սոցիալական ծառայությունների տեղեկատվական բազաների արդիականացման, սահմանամերձ գյուղերի բնակիչների համար սոցիալական ծառայությունների մատչելիության, բնակչության իրազեկվածության հարցերը:
“Կարևորում եմ նման այցերը: Սա լավ հնարավորություն է` համատեղ քննարկել մարզի առջև ծառացած սոցիալական խնդիրները և լուծումներ գտնել” – նշեց մարզպետը:
“Խնդիրները բազմազան են: Դրանց լուծումը հնարավոր է բոլոր կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների, նախարարության համատեղ աշխատանքի միջոցով: Կան հարցեր, որոնք օրենսդրական լուծումներ են պահանջում և մեր առաջիկա քայլերն ուզզված կլինեն դրանց: Իմ խնդրանքը և պահանջն է` ուշադիր և հոգատար լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր պետության աջակցության կարիքն ունեն, ովքեր ի վիճակի չեն միայնակ լուծել իրենց խնդիրները”,- նշեց պարոն Գրիգորյանը:
Նախարարի այցերը հանրապետության մյուս մարզեր կլինեն շարունակական: