Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը: Օրակարգում չորս հարց էր. ներառական կրթության համակարգի զարգացումը Հայաստանում, հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի ապահովում, հաշմանդամների իրավունքների պաշտպանության իրազեկման միամսյակի հայտարարում և այլ հարցեր:
Առաջին հարցի մասին զեկուցումով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Ա. Մուրադյանը և “Հույսի կամուրջ” ՀԿ-ի նախագահ Ս. Թադևոսյանը: Ըստ բանախոսների` ներառական կրթությունը յուրաքանչյուր երեխայի կրթություն ստանալու իրավունքն է: 2011թ. մեր երկրում կա ներառական կրթություն իրականացնող 81 դպրոց: 2010թ., Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացնելուց հետո մեր երկիրը գնում է դեպի տոտալ ներառում, ինչը նշանակում է բոլոր երեխաների կրթության իրավունք` մատչելիության, մասնակցականության և կրթության որակի ապահովումով: Տ. Թադևոսյանը ներկայացրեց Տավուշի մարզի փորձնական ծրագրի բաղադրիչները, կառավարություն-հասարակական կազմակերպություն համագործակցության արդյունքները: Որպես խնդիր նշվեց երեխաների տվյալների միասնական բազայի անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա հաշմանդամ և կրթության հատուկ կարիքներ ունեցող երեխաների մասին ունենալ համապարփակ տեղեկատվություն:
“Մենք պետք է հստակեցնենք թե ինչ խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն, կատարվե՞լ է արդյոք վերլուծություն` քանի երեխա ունի ներառական կրթության կարիք, քանիսն է դուրս մնում կրթությունից, քանի՞ դպրոց է պատրաստ իրականացնել ներառական կրթություն,: Տվյալները տարբեր են: Որպեսզի մեր հանձնաժողովը կարողանա իրական, շոշափելի քայլեր կատարել հաշմանդամ երեխայի կրթության իրավունքի պաշտպանության գործում, անհրաժեշտ է ունենալ առաջարկությունների փաթեթ, միջոցառումների ծրագիր և քայլ առ քայլ հետամուտ լինել ծրագրի կատարմանը”,- նշեց պարոն Գրիգորյանը:
Ըստ “Փարոս” ՀԿ-ի նախագահ Ս. Օհանյանի` հանրապետության տարբեր մարզերում և Երևանում իրականացրած մոնիթորինգը ցույց է տալիս, որ ընտրատարածքների 80 և ավելի տոկոսը հարմարեցված չէ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար: “Հաշմանդամներն ակտիվ ընտրողներ են, և եթե լինեն համապատասխան պայմաններ, նրանք կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը”,- նշեց պարոն Օհանյանը: Կազմակերպության անդամները պատրաստվում են հանդիպել ԿԸՀ-ի անդամների, պատգամավորների, մարզպետների, բնակչության ակտիվ խմբերի հետ, քննարկել ինչպես տեղաշարժման, այնպես էլ լսողության և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց ընտրական իրավունքին առնչվող հարցերը:
Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեցին հաշմանդամների իրավունքների պաշտպանության իրազեկման միամսյակի ծրագիրը: 2011թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հանրապետության ողջ տարածքում տեղի կունենան բազմաբնույթ միջոցառումներ:
Օրակարգի չորրորդ` Այլ հարցեր բաժնում քննարկվեցին բազմաբնույթ հարցեր:
Հանձնաժողովի աշխատանքին հրավիրված էր և ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: