Հունիսի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ախարարության “Մարի Իզմիրլյանի” անվան մանկատանը տեղի ունեցավ հերթական բաց դասը, որը պատրաստել էին “Շուշան” խմբի սաները: Ասմունքի, երգի ու պարի միջոցով նրանք ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը: Բեմականացվեցին “Չարի վերջը” “Փիսոյի գանգատը”, “Շունն ու կատուն” ստեղծագործությունները: Նմանատիպ միջոցառումներ մանկատանը կազմակերպվում են շատ հաճախ, որոնք նպատակ ունեն ոչ միայն ցույց տալ կատարված աշխատանքները, այլև հնարավորություն ստեղծել տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին դրսևորել իրենց կարողություններն ու ձեռք բերել նոր հմտություններ: Սաներն իրենց անմիջականությամբ ու ջերմությամբ հանդիսատեսին պարգևեցին ուրախության և հիացմունքի ևս մեկ ժամ:
Մանկատան տնօրեն տիկին Մկրտչյանը` շնորհակալություն հայտնելով հյուրերին, մասնակիցներին և հատկապես սաներին, նշեց, որ հրաշալի խաղի և ներկայացման շնորհիվ ներկա գտնվողները մի պահ հայտնվեցին հեքիաթների գունագեղ աշխարհում, ուր բարին միշտ հաղթում է: Իր սաներին նա մաղթեց անսպառ ժպիտ, անսահման ուրախություն և ընտանեկան ջերմություն:
“Մարի Իզմիրլյանի” անվան մանկատանն իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական զարգացման արատներ ունեցող երեխաների շուրջօրյա խնամք` սոցիալ-հոգեբանական, բժշկական, վերականգողական և ինտեգրման աշխատանքների իրականացման միջոցով:
Ներկայումս մանկատանը խնամվում է թվով 95 երեխա: