Համագործակցությունը շարունակվում է

0
100

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանն ընդունեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն տիկին Թեա Ֆիերենսին: Հիմնադրամը նախարարության հետ համատեղ իրականացնում է երկու ծրագիր` “Բնակչություն և զարգացում” և “Ընդդեմ գենդերային բռնությանը Հարավային Կովկասում”, որոնց շրջանակներում իրականացվել են հետազոտություններ և վերլուծություններ, մասնագետների վերապատրաստումներ, օրենսդրական բարեփոխումներ, հանրային իրազեկման աշխատանքներ և այլն:

Տիկին Ֆիերենսը նշեց, որ հայաստանյան գրասենյակի թիմի հետ արդեն քննարկել են անցյալ տարվա աշխատանքների արդյունքները: “Օրենսդրական դաշտի կատարելագործման առումով հաջողություններ ունենք, օրենսդրությունն առաջնային է, սակայն ոչ պակաս կարևոր է դրա իրականացումը, որակական փոփոխությունների առկայությունը աղքատների, գյուղական բնակչության, կանանց կյանքում”, – նշեց տարածաշրջանային տնօրենը:

“Անչափ կարևորում եմ մեր համագործակցությունը ժողովրդագրության և գենդերային քաղաքականությունների մշակման առումով: Արդեն ունենք 2009-2035թթ. ժողովրդագրության ռազմավարությունը, ներկայումս աշխատանքներ են տարվում մոնիթորինգի չափորոշիչների մշակման ուղղությամբ: Երբ դրանք կունենանք` կարող ենք խոսել հաջողությունների մասին: Գենդերային քաղաքականության հետ կապված` համատեղ ստեղծել ենք գենդերային բռնությունների դեմ միջգերատեսչական հանձնաժողով, մշակվել է “Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրը”, որը շուտով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Ծրագրի միջոցառումների իրականացման գործում ակնկալում ենք միջազգային կազմակերպությունների, հատկապես` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությունը”,- նշեց նախարարը:

Պարոն Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ նախարարությունը մասնակցել է հոկտեմբերին մեր երկրում կայանալիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին, ինչի անցկացումը կարևոր է սոցիալական պաշտպանության ոլորտի հասցեական քաղաքականություն ու ծրագրեր մշակելու և իրականացնելու համար: Նա  շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար` ընդգծելով հիմնադրամի հայաստանյան թիմի մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշները: