Ս/թ մայիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Ա. Ասատրյանի մամուլի ասուլիսը: Պարոն Ասատրյանը ներկայացրեց կենսաթոշակների վճարման գործընթացի վերջին նորությունները և հետագա անելիքները: Խոսելով մայիս ամսվա վճարումների մասին, սոցիալական ապահովության պետական ծառայության պետը տեղեկացրեց, որ կենսաթոշակների վճարման ցուցակներում շուրջ 37 000 քաղաքացու տվյալներ ճշգրտումների կարիք ունեն, իսկ 3000 հազար անձանց տվյալներ նույնականացնելու անհնարինության պատճառով հանվել են վճարման ցուցակներից: Կենսաթոշակ նշանակող մարմինները ստացել են հստակ հանձնարարականներ` առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները և չսպասել կենսաթոշակառուի այցելությանը, այլ եթե ունեն փաստաթղթային կասկածների հիմքեր, իրենք ճշգրտեն: Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու և վճարման ցուցակները հստակեցնելու նպատակով սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները մեծածավալ աշխատանք են կատարել: Իսկ մնացած բոլոր խնդիրները նախատեսվում է լուծել միասնական տեղեկատվական բազայի միջոցով, որի ստեղծման աշխատանքները ներկա պահին իրականացման փուլում են:
“Այն քաղաքացիների դեպքում, որոնց առնչությամբ տարածքային բաժինը չի կարողանում ճշգրտում իրականացնել,- իսկ այդպիսիք բազմաթիվ են,- քաղաքացին ինքը պետք է իր տվյալները ճշտի, քանի որ, եթե քաղաքացին ապրում է, կենսաթոշակառու է, նրան կենսաթոշակ չես վճարում, այդ քաղաքացին չի կարող չբողոքել: Նա պետք է գա և ճշտի: Իսկ եթե տվյալը ճշտված չէ, նա չի կարող կենսաթոշակ ստանալ: Այսինքն` տվյալները ճշտելու համար մի կողմից քաղաքացիները պետք է այցելեն կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին, մյուս դեպքում տարածքային բաժնները հենց իրենք պետք է աշխատանքներ կատարեն, որպեսզի շուրջ 37 հազար տվյալներ, որոնք մայիս ամսվա ցուցակներում ներառված են, կարողանան ճշգրտել”,- առաջարկեց Ա. Ասատրյանը:
Լրագրողի հարցին` մոտավոր հաշվարկներ կա՞ն, թե այս ճշտումների արդյունքում որքան գումար կխնայվի պետբյուջեում, պատասխանեց, որ դեռևս նման տվյալներ չկան: Ի դեպ, նրա խոսքերով, այս աշխատանքները կատարելուց հետո կենսաթոշակառուների ֆինանսավորումը կիրականացվի ամսվա առաջին աշխատանքային օրվա ընթացքում: Եվ սկսած ամսվա երկրորդ աշխատանքային օրվանից կենսաթոշակները կսկսեն վճարվել: Բացի դրանից, ապահովվելու է միաժամանակյա ֆինանսավորման իրականացումը, որպեսզի մարզերի բնակչությունը ևս կենսաթոշակները ստանա մայիսին: Կենսաթոշակների բարձրացման առումով էլ նշեց, որ պետբյուջեից առայժմ գումար նախատեսված չէ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ճշգրտման գործընթացը որոշակի անհարմարություններ է ստեղծել տարեց մարդկանց համար, պարոն Ասատրյանը ներողություն խնդրեց կենսաթոշակառուներից: