Իսրայելի դեսպանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
78

Հունիսի 29-ին  ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի  նախարար Ա. Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի Արտակարգ և Լիազոր դեսպան Շմուեյլ Մեիրոմիին: Հանդիպումը ճանաչողական էր, կազմակերպվել էր հայկական կողմի նախաձեռնությամբ: Նախարարը հյուրին տեղեկացրեց  մեր երկրի սոցիալական պաշտպանության համակարգի մասին` նշելով ոլորտի գերակայությունները, բարեփոխումների ներկա փուլում իրականացվող աշխատանքները, հիմնախնդիրները:

“Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի ունեցող լայնամասշտաբ բարեփոխումների նպատակը սոցիալական պաշտպանության կուռ, գործուն համակարգի ստեղծումն ու  քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասցեականության, արդյունավետության և թափանցիկության ապահովումն է: Վստահ  եմ, որ այս ոլորտում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների համագործակցությունը հեռանկարներ ունի: Մենք պատրաստակամ ենք մեր գործընկերների հետ քննարկել համագործակցության ուղիները”,- նշեց նախարարը:

Պարոն Մեիրոմին ներկայացրեց Իսրայելի սոցիալական ոլորտի հիմնախնդիրները: “Ես սոցիալական ոլորտի մասնագետ չեմ, սակայն այս ոլորտում խնդիրներ ունենք` կապված  ներգաղթածների ներառման, մայրենի լեզվի ուսուցման, տարեցների խնամքի կազմակերպման հետ: Կարծում եմ, որ փորձի փոխանակումը, մասնագետների փոխադարձ այցելություններն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումները համագործակցության նոր եզրեր գտնելու հնարավորություններ կընձեռեն”, -նշեց Դեսպանը: