Ս/թ հուլիսի 15-ին տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը:
Համաձայն հաստատված օրակարգի` Աշխատանքի պետական տեսչության 2010թ. տարեկան գործունեության վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ տեսչության պետ Հ. Մանուկյանը: ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն օրենսդրության կիրարկման վերաբերյալ առավել արդյունավետ միջոցներ և մեթոդներ տրամադրելու, խախտումները կանխարգելելու նպատակով 2010թ. Երևան քաղաքում և ՀՀ մարզերում կազմակերպել է 210 սեմինար-խորհրդատվություն, որին մասնակցել են 5200 գործատուների ներկայացուցիչներ: Նախորդ տարվա համեմատ մասնակիցների քանակը կրկնակի աճել է:
Օրենսդրական փոփոխությունների հետ կապված ավելացել է նաև տեսչությունում կազմակերպվող սեմինարների հաճախականությունը: 2010թ. ընթացքում տեսչությունը քաղաքացիներից ստացել է աշխատանքային օրենսդրության խախտումներին առնչվող 480 դիմում-բողոք: Նախորդ տարվա համեմատ դիմումների աճը կազմել է 37 տոկոս: Իրականացվել է 640 ստուգում և ուսումնասիրություն, որոնց արդյունքում նշանակվել է 150,221,000 դրամ վարչական տուգանք, արձանագրվել է անօրինական աշխատանքի 980 դեպք, հայտնաբերվել է չվճարված, վճարման ենթակա 582,253,000 դրամ աշխատավարձ: Նախորդ տարվա համեմատությամբ ստուգումների և ուսումնասիրությունների քանակը կրկնակի նվազել է, մեկ ստուգման արդյունքում նշանակված տուգանքի միջինացված ցուցանիշը աճել է 86%-ով, հայտնաբերված անօրինական աշխատանքի դեպքերը կրկնակի ավելի են: Տեսչության պետը նաև նշեց, որ 2010թ. ընդունվել են 28 մլն. դրամ ընդհանուր գումարով վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ: Նախորդ տարվա համեմատ էապես նվազել են վարչական տուգանքների դատական վիճարկման դեպքերը:
Հաշվետվության մեջ հանգամանորեն ներկայացված էին նաև սոցիալական գործընկերության, միջազգային կառույցների հետ համագործակցության կայացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Զեկույցին հաջորդեցին հարցերը, որոնց պարոն Մանուկյանը տվեց սպառիչ պատասխաններ:
“Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին երկու տարում տեսչությունը փոխել է իր աշխատաոճը, դարձել ավելի թափանցիկ, ինչը շատ հուսադրող է”,- նշեց գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գ. Մակարյանը:
Ճյուղային և կազմակերպությւոնների մակարդակով կոլեկտիվ պայմանագրերի կնքման առկա վիճակի մասին տեղեկատվություն տրամադրեցին ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախահահի տեղակալ Բ. Խարատյանը և գործատուների հանրապետական միության փորձագետ Շ. Բարսեղյանը, իսկ ՀՀ կողմից վավերացված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաներով և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով պահանջվող հաշվետվությունների, զեկույցների վերաբերյալ` ՀՀ ԱՍՀՆ միջազգային կապերի բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը:
Հայաստանի Հանրապետությունն ԱՄԿ-ին անդամակցում է սկսած 1992թվականից: Մեր երկիրը վավերացրել է ԱՄԿ 29` այդ թվում բոլոր 8 հիմնարար կոնվենցիաները:Կոնվենցիաների կիրարկման վերաբերյալ, ըստ ԱՄԿ սահմանած ժամանակացույցի, անդամ պետությունները յուրաքանչյուր տարի ներկայացնում են ազգային զեկույցներ: Այս տարի ներկայացվելու են պարբերական զեկույցները` թվով 12 զեկույցների հետ կապված:
Ըստ Ա. Մարտիրոսյանի` Ազգային զեկույցների կազմման ընթացքում ծագող հիմնական խնդիրներից է վիճակագրական և պրակտիկ տվյալների բացակայությունը, ինչը հնարավոր է լինում լրացնել լրացուցիչ հետազոտությունների և վերլուծությունների միջոցով:
Ինչ վերաբերում է սոցիալական խարտիային` 2006թ. սկսած Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է թվով հինգ ազգային զեկույց: 2011թ. ազային զեկույցը գտնվում է մշակման փուլում, ներկայացվելու է մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը:
Օրակարգի չորրորդ` “Այլ հարցեր” բաժնում ներկայացվեցին նոր առաջարկություններ, որոնց նպատակը հանձնաժողովի գործունեության կատարելագործումն է: Առաջարկությունները վերաբերում էին հանձնաժողովի աշխատակարգի վերանայմանը, իրազեկման աշխատանքների հետագա կատարելագործմանը, նորաստեղծ www.social-dialogue.am կայքի կայացմանը, գործընկերների կարողությունների հզորացմանը, այլ պետական գերատեսչությունների հետ սոցիալական երկխոսության ակտիվացմանը, ճյուղային և ձեռնարկությունների մակարդակներում կոլեկտիվ բանակցություններն ակտիվացնելու նպատակով օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Նիստի մասնակիցները հավանություն տվեցին նոր առաջարկություններին:
Ամփոփելով նիստի աշխատանքները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը նշեց. “Մենք պետք է անենք հնարավորը` հանձնաժողովի աշխատամքների արդյունավետությունը բարձրացնելու, սոցիալական գործընկերությունը կայուն հիմքերի վրա դնելու համար: Սոցիալական գործընկերությունը, բանակցությունների միջոցով կնճռոտ հարցերը լուծելը նոր մշակույթ է մեր իրականության մեջ, սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ գործիք դեռևս չի հայտնաբերվել”: