Հունիսի 21-ին “Գոլդեն Փալաս” հյուրանոցում տեղի ունեցավ “Ծնողները` ծնողներին” ցանցի հերթական` երրորդ համագումարը

0
90

Հունիսի 21-ին “Գոլդեն Փալաս” հյուրանոցում տեղի ունեցավ “Ծնողները` ծնողներին”  ցանցի  հերթական` երրորդ համագումարը, որին մասնակցում էին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ, ծնողներ, ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրեններ, մանկավարժներ:

Բացելով համագումարի աշխատանքները` “Հույսի կամուրջ” ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը  շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրների նկատմամբ ամենօրյա ուշադրության, ներառական կրթության  կայացման գործում յուրաքանչյուրի անձնական ներդրման համար:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: “Ծնողները` ծնողներին” ցանցի հիմնական աշխատանքները նպաստում են երեխայի, մասնավորապես, հաշմանդամ երեխայի իրավունքների պաշտպանությանը: Դրան են ուղղված նաև երեխաների սոցիալական պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ոլորտներում իրականացվող քաղաքականությունը, պետական ծրագրերը:  Այն, որ համագումարի աշխատանքներին մասնակցում են քաղաքականություն մշակողներ և որոշում ընդունողներ, դպրոցների տնօրեններ, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խոսում է այն մասին, որ երեխայի կրթության իրավունքի ապահովման և համայնքի սոցիալական կյանքում ներառելու գործում անգնահատելի է ծնողների դերը:  Ծնողն իր աշխատանքով, ջերմությամբ, համբերությամբ, երեխայի կրթության անհրաժեշտության, երեխայի ուժերի հանդեպ մեծ հավատով կարող է զգալի ներդրում ունենալ իր երեխայի սոցիալականացման,  լիարժեք կյանքով ապրելու, հասարակության լիիրավ անդամ դառնալու գործում: Այսօր դպրոցի տնօրենները համատեղ քննարկում են դպրոց-ընտանիք համագործակցության ուղիները, ներառական կրթության ազդեցությունը երեխայի, ընտանիքի, համայնքի կյանքի վրա: “Անչափ կարևորում եմ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական և միջազգային ՀԿ-ների համակարգված աշխատանքը, որի առկայության արդյունքում միայն կարող ենք ունենալ ներառական հասարակություն”,- նշեց տիկին Բաղդասարյանը:

Ելույթներով հանդես եկան Երևանի և մարզերի ներառական դպրոցների տնօրեններ, ծնողական ցանցի անդամներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում: Հարցերի զգալի մասը վերաբերում էր  մասնավորապես` դպրոցն ավարտելուց հետո երեխաների հետագա ուսման, զբաղվածության խնդիրներին:  Համագումարի աշխատանքներն ավարտվեցին “Հույսի կամուրջի” սաների մասին պատմող` “Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց ֆիլմի ցուցադրությամբ”: