Աշխատանքի միջազգային կազմակերպությունը /ԱՄԿ/ ընդունել է տնտեսության առողջացման խթանմանը, աշխատողների իրավունքների պաշտպանությանն ու զբաղվածության ոլորտի ընդլայնմանն ուղղված աշխատատեղերի վերաբերյալ Գլոբալ համաձայնագիրը

0
137

2009թ. հունիսի 19-ին, Ժնևում գործազրկության երկարատև աճի, աղքատության, անհավասարության ու սնանկացող ձեռնարկությունների վերաբերյալ կանխատեսումների հիման վրա ԱՄԿ-ն ընդունել է Աշխատատեղերի վերաբերյալ Գլոբալ համաձայնագիրը, որն առաջարկում է տնտեսության առողջացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, աշխատողների և նրանց ընտանիքների ապահովագրմանն ուղղված ազգային և միջազգային քաղաքական կողմնորոշումներ:

“Անհապաղ պետք է ձեռնարկել տնտեսության առողջացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը խթանող միջոցներ, միաժամանակ ապահովելով  հավասարակշռված, արդարացի ու կայուն գլոբալ տնտեսություն: Համաձայնագիրը մատնանշում է ԱՄԿ անդամ պետությունների կողմից հավանության արժանացած այն ուղին, որը հիմնված է գործնականում ստուգված քաղաքական միջոցառումների վրա”,- իր խոսքում նշեց ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն  Խուան Սոմավիան:

Զբաղվածության ոլորտի հարցերի քննարկմանն ուղղված եռօրյա Գլոբալ գագաթաժողովի ընթացքում, ի պաշտպանություն Համաձայնագրի ընդունմանը,  ելույթ ունեցան պետությունների և կառավարությունների ղեկավարներ, աշխատանքի նախարարներ, աշխատողների և գործատուների ներկայացուցիչներ: Մեծ հավանության արժանացավ նաև ԱՄԿ-ի գործուն մասնակցությունը “Քսանյակի աշխատանքներում”:

Աշխատանքի միջազգային գագաթաժողովին ներկա գտնվող 183 պետությունների շուրջ չորս հազար պատգամավորներին դիմելով` Խուան Սոմավիան ընդգծեց, որ ճգնաժամից դուրս գալուն կարող են օժանդակել այն անձինք, ովքեր իրական տնտեսական գործունեություն են ծավալում: Նրանք ներկայացնում են աշխատավորներին ու նրանց ընտանիքները, գործատուներին, առանձին ձեռնարկություններ և ընկերություններ, պետությունների կառավարություններ: Բոլոր ելույթները փոփոխությունների անհրաժեշտության մասին էին: Պետք է ապահովել լայն հնարավորություններ, մարդկանց աշխատանքի սոցիալական պաշտպանություն ու աշխատատեղեր, միաժամանակ ապահովելով այն ներդրումներն ու աճը, որոնք ընդունակ են երկարատև ժամանակահատվածում հաղթահարել ներկայիս ճգնաժամը: Սա և ներկայի, և ապագայի հիմնական խնդիրն է:

Համաձայնագիրը ԱՄԿ-ի 90-ամյա գործունեության ընթացքում ձևավորված ամբողջական մոտեցումն է տնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում: Աշխատավորներին ու գործատուներին ներկայացնող կառավարություններին ու կազմակերպություններին Համաձայնագիրը կոչ է անում գործել միաժամանակ, որպեսզի հնարավոր լինի ընդհանուր ուժերով հաղթահարել ԱՄԿ-ի “Արժանապատիվ աշխատանքի” ծրագրի հիմքը հանդիսացող զբաղվածության ոլորտի գլոբալ ճգնաժամը:

Գլոբալ համաձայնագրի ընդունումից առաջ ԱՄԿ-ն հրապարակել է զեկույց, որտեղ ներկայացված են գործազրկության աննախադեպ աճի ու աղքատության բարձր մակարդակի վերաբերյալ տվյալներ: Նույնիսկ եթե տնտեսության առողջացումը սկսվի այս կամ հաջորդ տարի, ապա զբաղվածության ոլորտի գլոբալ ճգնաժամը կտևի 6-8 տարի: Ամեն տարի աշխատանքի համաշխարհային շուկա է մտնում 45 միլիոն նոր աշխատող, որոնցից շատերը երիտասարդներ են: Որպեսզի աշխարհը վերադառնա գործազրկության մակարդակի նախաճգնաժամային վիճակին, գլոբալ տնտեսությանը անհրաժեշտ է մոտակա հինգ տարիներին ստեղծել շուրջ 300 միլիոն աշխատատեղ:

Գագաթաժողովի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ ձեռնարկությունների դերի, զբաղվածության քաղաքականության, սոցիալական պաշտպանության, աշխատանքի իրավունքի, սոցիալական երկխոսության, ճգնաժամի հաղթահարման ջանքերի համակարգման ու զարգացման վերաբերյալ:

Գլոբալ համաձայնագրում առաջարկվում են ճգնաժամի հաղթահարման մի շարք միջոցներ, որոնք յուրաքանչյուր երկիր կարող է տեղայնացնել իր յուրահատկություններից ու անհրաժեշտություններից ելնելով: Համաձայնագիրը չի առաջարկում համալիր լուծումներ: Այն տալիս է գործողությունների հնարավոր տարբերակներ, որոնք մշակված են` հաշվի առնելով արդեն իսկ կուտակած դրական փորձը:

Համաձայնագիրը կոչ է անում պահպանել աշխատատեղերը, աջակցել ձեռնարկություններին և խթանել զբաղվածության զարգացմանը: Միաժամանակ անհրաժեշտ է ընդլայնել սոցիալական պաշտպանության համակարգը, առաջին հերթին ընդգրկելով սոցիալապես առավել խոցելի խմբերը: Ձեռնարկված բոլոր միջոցները պետք է իրականացվեն` հաշվի առնելով գենդերային հավասարության սկզբունքները:

Գլոբալ համաձայնագիրը կոչ է անում ստեղծել “ֆինանսական ոլորտի կառավարման ու կարգավորման առավել հզոր գլոբալ կողմնորոշում ունեցող համակարգ, որը կծառայի իրական տնտեսության կարիքներին, կաջակցի կենսունակ ձեռնարկությունների զարգացմանը և արժանապատիվ աշխատանքին, ինչպես նաև կապահովի մարդկանց խնայողությունների ու կենսաթոշակային կուտակումների առավել հուսալի պաշտպանություն”: Համաձայնագիրը հորդորում է խուսափել հովանավորչությունից և համագործակցել ժողովրդի բարօրությանը նպաստող արդյունավետ և կարգավորվող շուկաներ ստեղծելու գործում: Համաձայնագիրը կառավարություններին կոչ է անում վերանայել ներդրումների հնարավորությունը հասարակական ենթակառուցվածքներում, զբաղվածության զարգացման և սոցիալական պաշտպանության հատուկ ծրագրերում, ինչը կարևոր է զարգացող երկրների համար, նկատի ունենալով, որ  նմանատիպ միջոցառումները կնպաստեն աղքատության կրճատմանը, պահանջարկի բարձրացմանն ու տնտեսության կայունացմանը: Արդեն իսկ հակաճգնաժամային հիմնադրամներ ունեցող դոնոր-պետություններին ու կազմակերպություններին առաջարկվում է վերանայել այն միջոցների առանձնացումը, որոնք կնպաստեն Գլոբալ համաձայնագրում առաջարկվող քաղաքական միջոցառումների ու երաշխավորությունների իրականացմանը:

Ինչպես նշեց գործատուների կողմից Կոմիտեի ընդհանուր հակաճգնաժամային միջոցառումների պատասխանատու Դանիել Ֆունես դը Պիոխան, գործատուները կողմնակից են տնտեսության առողջացման քաղաքականության մշակման գործում կարևոր ներդրում ունեցող աշխատատեղերի վերաբերյալ Գլոբալ համաձայնագրին: Գործատուների, արհմիությունների և կառավարությունների կողմից իրականացվող համատեղ աշխատանքները հնարավորություն են տալիս ակտիվացնել ներկայիս ճգնաժամից դուրս գալու գործնական ու իրական ուղիների որոնումը: Այժմ, երբ հավանության է արժանացել նշված համաձայնագիրը, պետք է սկսել ինտենսիվ աշխատանք: ԱՄԿ-ի, արհմիությունների, գործատուների և հատկապես կառավարությունների խնդիրը Գլոբալ համաձայնագրում ներկայացված քաղաքական կամքի դրսևորումն է  կոնկրետ գործողությունների տեսքով ազգային մակարդակում, որոնք հնարավորություն կտան ստեղծել ռեալ աշխատատեղեր, ապահովել տեսանելի եկամուտներ և կնպաստեն տնտեսության առողջացմանը: Գործատուները պատրաստ են անել այն ամենը, ինչ կախված է իրենցից:

Կոմիտեի մեկ այլ պատասխանատու նշեց, որ իրենք արդեն ձևավորել են իրենց տեսակետն ու մոտեցումները փոփոխությունների վերաբերյալ և ուղարկել ոչ միայն կառավարություններին, այլև սովորական մարդկանց: Համաձայնագիրը այսօր միայն սոսկ գրություն է սպիտակ թղթի վրա: Կառավարությունները, գործատուներն ու աշխատողները միասին պետք է այն կյանքի կոչեն: Տնտեսության առողջացմանը հասնելու համար անհրաժեշտ է աշխատավարձի միջոցով բարձրացնել պահանջարկը, ընդլայնել սոցիալական պաշտպանությունը, ակտիվացնել սոցիալական երկխոսությունն ու կոլեկտիվ բանակցությունները: Անհրաժեշտ է նաև գործատուների կողմից խոչընդոտներ չստեղծել արհմիություների միավորման ընթացքում, քանի որ  նրանք ներկայացնում են աշխատողների  կոլեկտիվ շահերը: Եթե մենք այս ամենին չկարողանանք հասնել, ապա այս գործընթացում տանուլ կտա ամբողջ հասարակությունը, իսկ եթե հասնենք հաջողության, համոզված եմ, ապագա պատմաբանները կնշեն, որ ԱՄԿ-ն կատարել է իր առաքելությունը:

Խուան Սոմավիան նշեց, որ ԱՄԿ-ն անմիջապես կսկսի օգնություն ցուցաբերել այն եռակողմ գործընկերներին, ովքեր մտադրված են ձեռնամուխ լինել Գլոբալ համաձայնագրի դրույթների գործնական իրականացմանը, միաժամանակ այն կշարունակի աշխատանքը այլ կազմակերպությունների հետ: Համաձայնագիրը կյանքի կոչելու համար կարևոր է ոչ թե ներդրված միջոցների քանակը, այլ դրանց գործածման ձևերը:

“Համաձայնագրում ներկայացված քաղաքական կամքն անհրաժեշտ է կյանքի կոչել: Մենք մեծ պատասխանատվություն ունենք ապագա սերունդների նկատմամբ: Ընդհանուր հույսերի իրականացման համար պետք է միասին գործել: Ունենք գործողությունների ծրագիր, համընդհանուր ջանքեր, որոնք անկասկած հաջողություն կբերեն մեր գործին”,- ընդգծեց Խուան Սոմավիան: