2011թ. հունիսի 5-12-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանը Փեթախ-Թիքվայի իսրայելահայերի “Նաիրի” միության հրավերով գտնվում էր Իսրայելում: Այցի նպատակն էր մասնակցել Իսրայելի և Երուսաղեմի հայ համայնքների, Իսրայելի պետության սոցիալական ոլորտի պետական և դիվանագիտական մարմինների ու պետական գործիչների հետ կազմակերպված հանդիպումներին, հանրությանը հետաքրքրող սոցիալական խնդիրների շուրջ կայանալիք աշխատանքային քննարկումներին:
Այցի շրջանակներում տեղի են ունեցել կարևոր ու հեռանկարային հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ:
Թել-Ավիվ և Փեթախ-Թիքվա քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանում` սոցիալական ոլորտում մշակվող և իրականացվող քաղաքականության, բարեփոխումների և ներկա իրավիճակի մասին: Համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են երկքաղաքացիության, սոցիալական ոլորտում իրավունքների կիրառման ու արտոնությունների ձեռքբերման հետ կապված հարցեր: Հայ համայնքի հատկապես տարեց անդամները բարձրացրել են Հայաստանի Հանրապետության կողմից կենսաթոշակներ ստանալու հնարավորության հարցը: Վերոհիշյալ հարցադրման կապակցությամբ ներկայացվել է ՀՀ գործող օրենսդրությունը, կարգավորման հնարավորությունները, իշխանությունների քաղաքական մոտեցումները: Համայնքային մարմինների ղեկավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն աշխատանքային շփումների պահպանման, տեղեկատվության փոխանակման և համագործակցության զարգացման շուրջ:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչների քննարկվել են համայնքի սոցիալական իրավիճակի, համայնքային կազմակերպությունների` Մայր հայրենիքի համապատասխան կառույցների ու կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի հետ կապված հարցերը, Երուսաղեմում ժամանակավորապես բնակվող, սովորող և աշխատող, ինչպես նաև հոգևոր ծառայություն իրականացնող ՀՀ քաղաքացիների սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանվածության հետ կապված խնդիրները:
Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուեյլ Մեիրոմի հետ քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Իսրայելի պետության միջև սոցիալական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարների հետ կապված խնդիրները: Դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հանդիպում կազմակերպելու մասին, որի ընթացքում կքննարկվեն Իսրայելի սոցիալական ոլորտի պետական մարմնի հետ աշխատանքային համագործակցություն զարգացնելու հեռանկարի հետ կապված հարցերը:
Պատգամավորների հետ քննարկվել են երկու պետությունների սոցիալական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Սոցիալական պաշտապանության հիմնախնդիրների շուրջ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում Հայաստան-Իսրայել համագործակցությանը քաղաքական աջակցություն հանդես բերելու հեռանկարի շուրջ:
Իսրայելի ապահովագրության ազգային ինստիտուտի (վերջինս Իսրայելի սոցիալական քաղաքականության համակարգի ինտեգրացված սոցիալական ծառայություններ մատուցող մարմինն է) միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Յակոբ Սասպորտայի կողմից ներկայացվել է Իսրայելի պետական քաղաքականությունը սոցիալական աջակցության, սոցիալական պաշտպանության և սոցիալական ապահովագրության բնագավառներում, Իսրայելի օրենսդրությունը, պետության կողմից տրվող հիմնական երաշխիքները, տեղեկատվություն պետական ինստիտուցիոնալ կառույցների, հիմնադրամների, ինչպես նաև համագործակցող ընկերությունների ու առկա միջազգային կապերի վերաբերյալ: Ներկայացվել է նաև Հայաստանի սոցիալական ոլորտին վերաբերվող տեղեկատվություն, պետական քաղաքականությունը, տիրող վիճակը, ՀՀ իշխանությունների ու կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները: