2011 թվականի հունիսի 8-11-ը ՀՀ ԱՍՀ նախարարի խորհրդական Ն. Բալայանը ԱՊՀ գործադիր կոմիտեի հրավերով գտնվում էր Տաջիկստանի հանրապետության Դուշանբե քաղաքում: Այցի նպատակը մասնակցելն էր ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 24-րդ նիստի աշխատանքներին, որը նվիրված էր ԱՊՀ երկրների ստեղծման 20-ամյակին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնակից երկրների սոցիալ-տնտեսական ոլորտներին վերաբերող բազմաբնույթ հարցեր, մասնավորապես, աշխատանքի, զբաղվածության, ժողովրդագրության, միգրացիայի: Ներկայացվեցին նշված ոլորտներում առկա խնդիրները, իրականացված աշխատանքներն ու ապագա անելիքները, մշակված պետական քաղաքականություններն ու մոտեցումները, որոնք յուրաքանչյուր անկախ պետության համար հանդիսանում են հասարակության ձևավորման և կայունության կարևոր բաղադրիչները:
Մասնակիցները հավանություն տվեցին բարձրաձայնված բոլոր հարցերին և խնդիրներին և որոշում կայացվեց ներկայացնել ԱՊՀ երկրների կառավարությունների խորհուրդների քննարկմանը:
Խորհրդի հաջորդ նիստը կկայանա Թուրքմենստանում:
Ի դեպ, սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի համագործակցությունը տարիների պատմություն ունի: Սկսած 1995 թվականից իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես պրոթեզավորման ոլորտում: Եղել են փոխադարձ այցելություններ, մասնագետների վերապատրաստումներ, փորձի փոխանակում: