Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Գրիգորյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2011թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքներին` ըստ ոլորտների:
Կենսաթոշակներ
2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել են անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներ, որոնցով ապահովվել են 2011 թվականի հունավարի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող շուրջ 50 օրենքների կիրարկումը, մասնավորապես` շուրջ 20 կարգեր են հաստատվել ՀՀ կառավարության կողմից ներկայիս կենսաթոշակառուների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման և վճարման բնականոն գործընթացն ապահովելու համար: Միաժամանակ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունվել են համապատասխան նորմատիվ ակտեր, որոնցով ամբողջությամբ կանոնակարգվել են կամավոր կենսաթոշակային ապահովագրության համակարգի գործարկման հետ կապված խնդիրները:
Աշխատանքներ են կատարվել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի կարգավորման և կենսաթոշակների վճարման ցուցակների ճշգրտման ուղղությամբ, այդ թվում` իրականացվել են անհրաժեշտ համադրումներ տեղեկատվական տարբեր համակարգերի շտեմարանների հետ, վերլուծվել համադրման արդյունքները, կատարվել ինքնաշխատ եղանակով տվյալների անհրաժեշտ ճշգրտումներ` բացառելով չճանաչված (ոչ ինդենտիֆիկ), ինչպես նաև չնույնականացված այլ տվյալներով անձանց առկայությունը կենսաթոշակային համակարգի տեղեկատվական շտեմարանում:
2011թ. մայիսի 1-ի դրությամբ առանձնացվել են ճշգրտման ենթակա անձանց թվով 37026 անհատական տվյալներ: Ճշտելուց հետո թվով 26196 կենսաթոշակառուի վճարվել է մայիս ամսվա կենսաթոշակը: 2011 թ. հունիսի 1-ի դրությամբ առանձնացվել են ճշգրտման ենթակա անձանց թվով 10705 անհատական տվյալներ. թվով 3381 կենսաթոշակառուի վճարվել է հունիս ամսվա կենսաթոշակը: 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ դեռևս առկա են չճշգրտված տվյալներով 6249 կենսաթոշակառու. գործընթացը շարունակվում է:
Կատարվել են նաև հաշմանդամ ճանաչված անձանց տվյալների հետ անհրաժեշտ համադրումներ: Պարզվել է, որ թվով 816 կենսաթոշակառուների` ԲՍՓ գործակալության կողմից տրամադրված քաղվածքների, հաշմադամների հաշվառման “Փյունիկ” տեղեկատվական համակարգի շտեմարանի և կենսաթոշակառուների տեղեկատվական շտեմարանի տվյալների միջև առկա են հաշմանդամության խմբերի անհամապատասխանություններ, որի արդյունքում արձանագրվել է 1299.9 հազար գերավճար գումար:
2011թ. հուլսի 1-ի դրությամբ Ծառայության աշխատակազմի թվով 42 տարածքային ստորաբաժանում ավարտել է կենսաթոշակի գործերի գույքագրման աշխատանքները, որի շրջանակներում կենսաթոշակի գործերում կատարված ուղղման արդյունքում մեկ ամսվա կտրվածքով խնայվել է 10.991.6 հազ. դրամ գումար: Մեծածավալ աշխատանքներ են կատարվել նաև ներքին կառավարման խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Արդյունքում, սկսած մայիս ամսից, կենսաթոշակների ֆինանսավորումը ծառայության կողմից կատարվում է յուրաքանչյուր ամսվա 1-ին աշխատանքային օրը` բոլոր մարզերին և բոլոր վճարողներին, իսկ վճարումները սկսվում են 2-րդ աշխատանքային օրը:
Ներկայումս իրականացվում են համապատասխան աշխատանքներ` պետական կենսաթոշակային համակարգի տվյալների կենտրոնացված միասնական շտեմարան ձևավորելու ուղղությամբ, ուր կներառվեն բացառապես նույնականացված (իդենտիֆիկ) տվյալներով շահառուներ:
Նախատեսվում է շտեմարանի ձևավորման աշխատանքներն ավարտել 2011թ. տարեվերջին:
Մարդկանց տվյալները ճշգրտելու, կատեգորիաները հստակեցնելու, ինչպես նաև պետական բյուջեում համապատասխան միջոցների արդյունքում ավելացվել են հաշմանդամ զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող գումարները, մասնավորապես`
- ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած հրամանատարական կազմի զինծառայողներին տրվող գումարի (կենսաթոշակի և դրամական օգնության հանրագումարի) միջին չափը աճել է.
ա) 1-ին խմբի հաշմանդամինը` շուրջ 35 տոկոսով (շուրջ 72000 դրամի փոխարեն կազմում է շուրջ 97000 դրամ),
բ) 2-րդ խմբի հաշմանդամինը` շուրջ 33 տոկոսով (շուրջ 68000 դրամի փոխարեն կազմում է շուրջ 91000 դրամ),
գ) 3-րդ խմբի հաշմանդամինը` շուրջ 31 տոկոսով (շուրջ 50000 դրամի փոխարեն կազմում է շուրջ 63000 դրամ),
- ՀՀ պաշտպանության ժամանակակ կամ պարտականությունները կատարելիս զոհված շարքային (պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող գումարի (կենսաթոշակի և դրամական օգնության հանրագումարի) չափը աճել է շուրջ 21 տոկոսով (շուրջ 21500 դրամի փոխարեն կազմում է շուրջ 26000 դրամ),
- ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հրամանատարական կազմի զոհված զինծառայողների` երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող կենսաթոշակի չափը աճել է շուրջ 21 տոկոսով (շուրջ 45000 դրամի փոխարեն կազմում է շուրջ 54000 դրամ),
- ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս շարքային (պայմանագրային) կազմի զոհված զինծառայողների` երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող գումարի (կենսաթոշակի և դրամական օգնության հանրագումարի) չափը աճել է շուրջ 50 տոկոսով (շուրջ 41000 դրամի փոխարեն կազմում է շուրջ 63000 դրամ):
Սոցիալական աջակցություն
“Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքն ընդունվել է 2011թ. հունիսին, որով երեխայի ծննդյան միանվագ, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար անհրաժեշտ տեղեկությունների առցանց ստացման մեխանիզմներ են սահմանվել` բացառելով տեղեկանքերի ստացման հարցում հնարավոր քաշքշուկները:
Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառման համար տեղեկությունների տրամադրման մեխանիզմները փոխվել են արդեն 2011թ. հունվարից, փոխվել են նաև անասնապահությունից ստացվող եկամուտների հաշվարկման նորմատիվները, ինչպես նաև սահմանամերձ մի շարք բնակավայրերի ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ բացառվել է հողօգտագործումից և անասնապահությունից ստացվող եկամուտի հաշվարկը:
Շարունակվել է ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների հայտարարած մի շարք տվյալների ճշտումը ՀՀ այլ նախարարություններից, գերատեսչություններից ստացվող տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ համադրման միջոցով: Այս աշխատանքների արդյունքում ընտանեկան նպաստի իրավունքը կորցրել են շուրջ 3000 ընտանիքներ:
2011թ. հունիսին ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների թիվը կազմել է 92698, իսկ 6 ամիսների միջին ամսական թիվը կազմել է 96486:
Միաժամանակ իրականացվում են ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման աշխատանքները, ՀՀ Լոռու, Կոտայքի, Տավուշի և Արարատի մարզերում UNICEF-ի աջակցությամբ իրականացվում է փորձնական ծրագիր` որի արդյունքում կներդրվեն միասնական ընդունարանները “մեկ պատուհան” և սոցիալական աշխատողների ինստիտուտը:
Զբաղվածություն
2011թ. հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցված տնտեսության աճով պայմանավորված ավելացել է նոր ստեղծված աշխատատեղերի թիվը: “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության կողմից հայտնաբերված թափուր աշխատատեղերի թիվը հուլիսի 1-ի դրությա,մբ կազմել է 1814, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.7% -ով (1579 աշխատատեղ), իսկ աշխատանքի տեղավորվածների թիվը 18.8%-ով գերազանգել է նախատեսված ցուցանիշը և կազմել է 5641մարդ:
Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը նվազել է 0.4%-ով և կազմել է 6.6%: Նվազման միտում է նկատվել նաև պաշտոնապես գրացված գործազուրկների և նպաստառու գործազուրկների թվաքանակում: Միաժամանակ տնտեսության աճի հետ զուգընթաց աճել է ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց թվաքանակը, մասնավորապես` <<Մասնագիտական ուսուցում>> ծրագրում 6 ամսվա ընթացքում ընդգրկվել է 970 անձ` 720 անձի փոխարեն, <<Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին>> ծրագրով նախատեսված 104-ի փոխարեն հաշվետու ժամանակահատվածում ընդգրկվել է 119 անձ, որից 55-ը հաշմանդամ:
<<Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին պետական աջակցություն>> ծրագրով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել հիմնականում որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար և առաջին կիսամյակում նախատեսված 66-ի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 86 անձ, որից 32 կին, 2-ը հաշմանդամ:
Հաշմանդամներ և տարեցներ
Հաշմանդամների բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման վերականգնման ծրագրերի շրջանակներում “Արթմեդ” ԲՎԿ-ում 01.01.2011թ. մինչև 30.06.2011 թվականը բուժվել է 235 հիվանդ, “Սթրես” կենտրոնում` 172 հիվանդ, հաշմանդամներին տրամադրվել է 2565,5 հատ պրոթեզաօրթոպեդիկ, 3740 հատ վերականգնողական պարագա, 241 սայլակ, 456 լսողական սարք, ավարտվել է մինչև 12 տարեկան լսողության խանգարումներ ունեցող երեխաների լսողական սարքի 200 ներդիր:
Նախարարության ենթակայությամբ գործող չորս տուն-ինտերնատներում խնամվող 1050 կենսաթոշակառուները գտնվում են պետության լրիվ խնամքի ներքո, ապահովվում են կացարանով, խնամքով, օրը երեքանգամյա սննդով, հագուստով, կենսապահովման անհրաժեշտ միջոցներով, ստանում են սոցիալ-հոգեբանական և վերականգնողական օգնություն, կազմակերպվում են նաև մշակութային և հոգևոր բնույթի միջոցառումներ:
2011թ. 6 ամիսների ընթացքում շուրջօրյա հաստատություններ են ուղեգրվել 138 տարեց և հաշմանդամ քաղաքացի, իսկ 3 վետերան ուղեգրվել է <<Վետերան>> օթևան: <<Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամենրի սոցիալական սպասարկման կենտրոնը>> Երևան քաղաքում սպասարկում է 1500 միայնակ ծեր ու հաշմանդամ կենսաթոշակառուի:
Թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում սպասարկվում է 60 մարդ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին կից հոգեկան առողջության ցերեկային կենտրոնում խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություն են ստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 50 անձ և նրանց ընտանիքների անդամներ:
Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բնագավառ
Կազմակերպվել է 776 երեխայի խնամքն ու դաստիարակությունը մանկատներում: Ֆինանսական դժվարին կացության մեջ գտնվող ընտանիքների 794 երեխա կխնամվել են երեխաների խնամքի և դաստիարակության գիշերօթիկ հաստատություններում: Նախարարության համակարգի 2 սոցիալական աջակցության կենտրոններում աջակցություն է ստացել 275 երեխա: Շարունակվել է հաստատություններից ընտանիքներ երեխաների տեղավորման քաղաքականությունը, «Խնամատար ընտանիք» և հաստատությունների բեռնաթափման ծրագրերը: Խնամատար ընտանիքներում խնամվում են 24 երեխա, հաստատություններից բեռնաթափվել է 40 երեխա և կանխարգելվել է 10 երեխայի մուտքը հաստատություն:
Շարունակվել է թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցման ծրագիրը, աջակցություն է ստացել թրաֆիքինգի 5 զոհ:
Իրազեկում
- ԶԼՄ-ներով եղել է 114 հրապարակում, կազմակերպվել է հինգ մամուլի ասուլիս, պատրաստվել է 67 մամլո հաղորդագրություն:
- Պատրաստվել և հեռարձակվել է “Սոցիալական երկխոսության ժամ” հաղորդաշարի տաս հաղորդում:
- Նախարարության կայքը պետական գերատեսչությունների մեջ ճանաչվել է երկրորդը: Ներկայումս իրականացվում են նախարարության էլեկտրոնային կայքի արդիականացման լայնածավալ աշխատանքներ: Արդեն իսկ ավելացվել են “Ծանուցում”, “Նախարարին կից կոլեգիա”, “Ազգային հանձնաժողովներ” բաժինները, թարմացվել են “Հարցեր և պատասխաններ” բաժինը, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կապի միջոցները, ընթացքի մեջ են կառուցվածքային ստորաբաժանումների տեղեկատվական նյութերի փոփոխությունները:
- Քաղաքացիներին և լրագրողներին հեռախոսով և էլեկտրոնային փոստով տրվել են սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող բազմաբնույթ հարցերի պարզաբանումներ, էլեկտրոնային ընդունարանով, նախարարության ինտերնետային կայքէջի հետադարձ կապի հասցեով և ՀՀ կառավարության թեժ գծով ստացված շուրջ 300 քաղաքացու դիմումներին տրվել են սպառիչ պատասխաններ: