Օգոստոսի 19-ին Տավուշի մարզում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանի գլխավորած աշխատանքային խումբը, որի կազմում էին նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ: Տավուշի մարզպետարանում նրանց ընդունեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Այցի ծրագիրը ներառում էր հիմնականում երկու կետ. առաջինը` քաղաքացիների ընդունելություն և երկրորդը` հանդիպում մարզի համայնքների ու սոցիալական ծառայությունների ղեկավարների հետ: Նպատակը մեկն էր, առաջին հերթին հենց տեղում լսել քաղաքացիներին և ընդհանրացված ձևով վեր հանել այն խնդիրներն ու լուծում պահանջող հարցերը, որոնք առկա են մարզում, այնուհետև ոլորտի մարզային պատասխանատուներին ներկայացնել համակարգում եղած հիմնահարցերն ու փոփոխությունները, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները::
Նախապես տեղեկացված լինելով նախարարի այցի մասին` բազմաթիվ քաղաքացիներ էին գրանցվել ընդունելության համար: Աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամության, նպաստների ու ավանդների, կենսաթոշակի և այլ հարցերով դիմած քաղաքացիների համար Տավուշի մարզպետարանում նախապես առանձնացված աշխատասենյակներում ընդունելություն կատարեցին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Քաղաքացիներից շատերը դիմել էին իրենց սոցիալական իրավունքների իրացման հետ կապված հարցերով, ոմանք էլ պարզապես տեղեկատվություն և պարզաբանում ստանալու նպատակով էին եկել ընդունելության: Եղան քաղաքացիներ էլ, ովքեր ցանկություն հայտնեցին խոսել անձամբ նախարարի հետ: Գերատեսչության ղեկավարը ընդունեց բոլորին և սպառիչ պատասխան տվեց բարձրացված հարցերին: