Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքի բացման արարողություն

0
91

Օգոստոսի 17-ին Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, պատվավոր հյուրեր, լրագրողներ:

Միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս հասարակությանը ներկայացնել նշված մանկատան առօրյան, իրականացվող աշխատանքները, սաների կարողությունները: Ցուցահանդեսին ներկայացված էին ձեռքի աշխատանքներ` ասեղնագործություն, կավից և փայտից պատրաստված իրեր, գոբելեն, մաքրամե, որոնք նրանց մտքի և հնարավորությունների արտահայտությունն էին:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոն բացման խոսքում նշեց. “Բոլոր երեխաներն ունեն ընտանիքում ապրելու, այլ երեխաների կողքին հանրակրթական դպրոցում կրթություն ստանալու և հասարակական կյանքին մասնակցելու իրավունք: ՄԱԿ-ի գրասենյակն աջակցում է երեխաների /ներառյալ հատուկ կարիքավոր/ իրավունքների պաշտպանության գործում իրականացվող աշխատանքներին ու ծրագրերին: Այս ցուցահանդեսը ևս առիթ է օգնելու և աջակցելու մեր երեխաներին”:

Մանկատան տնօրեն Հ. Բալասանյանը շնորհակալություն հայտնեց համագործակցող կողմին և իր խոսքում կարևորեց. “Մենք գնահատում ենք ՄԱԿ-ի աջակցությունն ու երեխաներին ընձեռած հնարավորությունը հասարակության առջև իրենց արվեստը ցուցադրելու գործում: Մեզ համար առաջնային խնդիր է հասարակությանը ներկայացնել այս երեխաներին, նրանց հետ կապված խնդիրներն ու դժվարությունները, բայց և միաժամանակ փորձում ենք ցույց տալ, որ նրանք ևս ունեն մեծ ներուժ, օժտված են հիանալի ունակություններով և երկարատև աշխատանքի, հոգատարության ու խնամքի արդյունքում կարողանում են դրսևորել իրենց կարողությունները: Այս ցուցահանդեսը ասածիս վառ ապացույցն է”:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց մանկատան մասին պատմող տեսաֆիլմ, ինչպես նաև երգ ու պարով ելույթ ունեցան սաները:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից տաղանդավոր աշխատանքների համար մանկատան սաները պարգևատրվեցին վկայականներով ու նվերներով: