2012 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել “Հանրային ծառայությունների մասին” ՀՀ օրենքը, որով ուժը կորցրած է ճանաչվել “Սոցիալական ապահովության քարտերի մասին” ՀՀ օրենքը:
Համաձայն “Հանրային ծառայությունների մասին” ՀՀ օրենքի` սկսած 2012 թվականի հունիսի 1-ից, սոցիալական ապահովության քարտի փոխարեն, քաղաքացիներին հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ, իսկ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի փոխարեն` հանրային ծառայություններ համարանիշ չունենալու մասին տեղեկանք:
Ըստ այդմ, սկսած 2012 թվականի հունիսի 1-ից, դադարեցվում են քաղաքացիներին սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքների հատկացումը “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից (այդ թվում` սոցիալական ապահովության տարածքային բաժինների, սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով):
Միաժամանակ, “Հանրային ծառայությունների մասին” ՀՀ օրենքի համաձայն` նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել օրենքով նախատեսված նպատակներով` որպես հանրային ծառայությունների համարանիշ:
Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշման համաձայն, սկսած 2012 թվականի հունիսի 1-ից, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք ստանալու համար, անձը դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ իր բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայություն: