0
116

Օգոստոսի 30-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց Դանիայի Կոպենհագեն քաղաքի “Կոֆոեդյան” դպրոցի նորընտիր տնօրեն Ռոբերտ Օլսենին, նույն դպրոցի միջազգային կապերի պատասխանատու Օլե Մելդգաարդին և “Հանս Քրիստիան Կոֆոեդ” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյանին: Հանդիպման նպատակը իրականացրած ծրագրերի ներկայացումն էր և ապագա ծրագրերի իրականացման գործընթացում համագործակցության ձեռքբերումը:

Հանդիպման սկզբում պարոն Մարգարյանը նախարարին նվիրեց վերջերս Դանիայում հրատարակված “Կոֆոեդ” միջազգային դպրոցի պատմությունը գիրքը, որտեղ ներառված էր նաև “Հանս Քրիստիան Կոֆոեդ” բարեգործական հիմնադրամի գործունեությունը, այնուհետև ներկայացրեց կատարված ծրագրերն ու հետագա անելիքները:

2011թ. դեկտեմբերի 23-ից “Հանս Քրիստիան Կոֆոեդ” բարեգործական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել է “Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ” ծրագիրը, որը նախատեսված էր 40 շահառուի համար: Ուսումնական ծրագրի շրջանակում հիմնադրամի շահառուները` փախստականները, գործազուրկները, նախկին ազատազրկվածները, սոցիալապես ծանր պայմաններում հայտնված և հասարակության մեջ դժվար ինտեգրվող մարդիկ ստացել են մասնագիտական հմտություններ և որակավորումներ:

Դեռևս 2011թ. հիմնադրամի կողմից նախարարություն էր ներկայացվել “Բուժման շնորհիվ կամ թմրամիջոցների օգտագործումը ինքնակամ դադարեցրած անձանց վերաինտեգրման կենտրոնի”  վերաբերյալ ծրագիրը, որը նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանի կողմից ներկայացվել ու քննարկվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդում: Ծրագիրը մշակվել է մի շարք երկրների փորձի և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում: Ստեղծվելիք կենտրոնները կնպաստեն թմրամոլության հակում ունեցող անձանց հասարակական կյանքում ինտեգրվելուն, մասնագիտական վերապատրաստումներով և աշխատանքով ապահովելու խնդիրների լուծմանը:

2012թ. գարնանից “Սեյվ դը չիլդրեն” միջազգային կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի հետ ձեռնարկել է 25-30 աշխատողների համար աշխատատեղերի ստեղծման ծրագրի իրականացման աշխատանքները, որոնց 70 տոկոսը կլինեն հաշմանդամներ:

Հիմնադրամի շենքային համալիրում նախատեսվում է ստեղծել Դանիայի սոցիալական, մշակութային և բիզնես կենտրոն` նպատակ ունենալով օգտագործել Դանիայի ունեցած փորձը և կարողությունները սոցիալական, կրթական ծառայությունների մատուցման, մշակութային, քաղաքացիական հասարակության խնդիրների իրականացման գործում, ինչպես նաև ստեղծել Դանիայի տնտեսական և գործարար շրջանակների համար յուրօրինակ պատուհան` ներգրավելու ՀՀ տնտեսական և սոցիալական ընթացիկ խնդիրների իրականացման աշխատանքներին:

Լսելով իրականացրած ծրագրերի ներկայացումը` պարոն Ասատրյանը նշեց, որ. “Կարևորում է սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման գործում ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի համագործակցությունը: Սոցիալական խնդիրները բազմաբնույթ են և ցանկալի է նրանց լուծումը իրականացնել այլընտրանքային սոցիալական ծառայությունների տրամադրման և մատուցման միջոցով: Կարծում եմ, որ պետությունը պետք է օգտագործի սոցիալական ցանցում ընդգրկված բարեգործական, հասարակական կազմակերպությունների ներուժը միասին լուծելու առկա խնդիրները: Համագործակցության շնորհիվ կունենանք համակարգված աշխատանք: Համատեղ աշխատանքի արդյունքները իրենց սպասեցնել չեն տա”:

“Կոֆոեդյան” դպրոցի նորընտիր տնօրեն Ռոբերտ Օլսենը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ հիմնադրամի կողմից մեր երկրում բավականին լուրջ աշխատանք է իրականացվել:

Հանդիպման վերջում պարոն Մարգարյանը շնորհավորեց պարոն Ասատրյանին` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ գործունեություն:

 

SHARE
Previous article
Next article