ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 9-ի N 998-Ն որոշման համաձայն` Հայրենական մեծ պատերազմի 100 վետերան հանգստի և վերականգնողական բուժման նպատակով կայցելի “Արզնի” առողջարանային կենտրոն: Հանգստի ծախսերը կկատարվեն ՀՀ 2012 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Կազմակերպչական բոլոր աշխատանքները կիրականացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Հանգստացողների ցուցակները համաձայնեցվել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի հետ:
Օգոստոսի 30-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանն ու նախարարության աշխատակիցները ճանապարհեցին վետերանների առաջին խմբին` մաղթելով նրանց ակտիվ հանգիստ և բարի վերադարձ:
“Արզնի” առողջարանային կենտրոնում նրանք կանցկացնեն 12 օր, որոնք հագեցած կլինեն տարատեսակ միջոցառումներով` կինոդիտումներ, էքսկուրսիաներ, համերգներ: Անհրաժեշտության դեպքում բուժանձնակազմի ցուցումներով կստանան առողջարանային բուժում:
Հանգստացողների 2-րդ և 3-րդ խմբերը կմեկնեն հաջորդիվ` սեպտեմբերի 13-ին և 26-ին:













