Հերթական այցելությունը Գեղարքունիքի մարզ

0
68

Սեպտեմբերի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը նախարարության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ կատարեց իր հերթական այցելությունը Գեղարքունիքի մարզ: Նպատակն էր հանդիպել բնակիչներին, մարզպետարանի, համայնքների, մարզի սոցիալական ծառայությունների ղեկավարների ու աշխատակիցների հետ քննարկել մարզում առկա խնդիրները:

Մարզպետարանի շենքի նախապես առանձնացված սենյակներում` ըստ խնդիրների, ոլորտային վարչությունների, բժշկասոցիալական փորձաքննության և զբաղվածության գործակալությունների պետերն ընդունեցին քաղաքացիներին: Ինչպես նախորդ` Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի, Կոտայքի մարզերում, Գեղարքունիքում ևս բնակիչների հիմնական հարցերը վերաբերում էին ընտանեկան նպաստին, ավանդների փոխհատուցմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, կենսաթոշակին, զբաղվածությանը:

Քաղաքացիների ընդունելություն կատարեց նաև նախարարը Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանի հետ համատեղ: Մանրամասն լսելով յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը նախարարն հստակ հանձնարարականներ տվեց ոլորտի համապատասխան պատասխանատուներին հնարավորինս սեղմ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու տալ սպառիչ պատասխաններ:

Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս խնդիրները վերցվեցին նախարարի հսկողության տակ, որոնց պատասխանները կտրվեն սահմանված ժամկետներում:

Ընդունելությունն ավարտելուց հետո տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն մարզպետի, համայնքների, մարզպետարանի, մարզի սոցիալական ծառայությունների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները ներկայացրեցրին մարզի սոցիալական իրավիճակը, խնդիրներն ու կատարված աշխատանքները: Նախարարն իր հերթին ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Քննարկվեցին բնակչությանը մատուցվող սոցիալական տարբեր ծառայությունների գործընթացն առավել հասցեական ու թափանցիկ դարձնելուն ուղղված աշխատանքները:

“Սոցիալական պաշտպանության ոլորտում կատարվում են լուրջ բարեփոխումներ, ձևավորվում է սոցիալական աշխատանքի նոր ձև, հետևաբար` ծառայության մատուցման նոր որակ: Պետք է հոգատարությամբ ու համբերությամբ ընդունել և լսել յուրաքանչյուր քաղաքացու, որակյալ և օբյեկտիվ լուծում տալ նրան անհանգստացնող խնդրին:

Հարգելի գործընկերներ, Ձեր աշխատանքը կգնահատվի այն դեպքում, երբ Դուք օրենքի տառը պահելով իրականացնեք հոգատար սպասարկում”,-իր խոսքում նշեց նախարարը:

Հանդիպումն ավարտելուց հետո նախարարն այցելեց Գավառի մանկատուն, ծանոթացավ երեխաների առօրյային, զրուցեց նրանց հետ: