Առաջարկվում է նվազագույն աշխատավարձի շեմ սահմանել 68.000 դրամը

0
400

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Կառավարությանն է ներկայացրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որի համաձայն՝ շուրջ 80 հազար աշխատողների աշխատավարձը կբարձրանա:

Նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծության գնահատման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից իրականացվել են չորս այլընտրանքային եղանակներով գնահատումներ։

Ըստ այդմ՝ առաջարկվում է նվազագույն աշխատավարձի սահմանման համար հաշվի առնել այն հանգամանքը, որ գնահատված օպտիմալ մեծությունը հաշվի է առնում ինչպես սոցիալական ներառականության գործոնը, այնպես էլ՝ տնտեսության մակրոմիջավայրի հիմնական ցուցանիշների գործոնները, այսինքն՝ որքան է նվազագույն աշխատավարձի այն չափը, որը պետք է լինի Հայաստանի ներկա տնտեսության պայմաններում։

Կիրառված եղանակներով նվազագույն աշխատավարձի գնահատված չափերն են՝ սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի մեթոդով՝ 67,660 դրամ, ըստ ընտրված 23 երկրների նվազագույն աշխատավարձի ու մեկ շնչին ընկնող ՀՆԱ հարաբերակցության եղանակով՝ 64,600 դրամ, նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերության եղանակով՝ 70,142 դրամ, և 2019թ. մայիսին հարցմանը մասնակցած 1,580 գործատուների առաջադրած միջին մեծությամբ՝ 70,254 դրամ։

Հաշվի առնելով, որ կիրառված գնահատման եղանակները միմյանց լրացնող են ու միմյանց չհակադրվող, նվազագույն աշխատավարձի վերջնական սահմանման համար դիտարկվել է բոլոր չորս գնահատման եղանակներով ստացված արդյունքների միջինը, որը կազմում է շուրջ 68,000 դրամ է։

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց ներկայացված նախագիծը: Հարցը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: