Հունիսի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանը նախարարության մի շարք պատասխանատու պաշտոնյաների հետ մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզում “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառի բացման արարողությանը:
Շուրջ երկու տարի իրականացվող այս ծրագիրը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրողին և գործատուին հանդիպել միմյանց հետ և ըստ մասնագիտական ունակությունների և թափուր աշխատատեղերի ընտրել համապատասխան աշխատանք: Այս տոնավաճառին ներկայացել էին մարզում գործող 55 ձեռնարկություններ: Ընդհանուր առմամբ ներկայացված էր շուրջ 230 աշխատատեղ:
“Գործատուն ինքն է փնտրում այն մասնագետին, ում կցանկանար տեսնել իր բիզնեսի մեջ: Ավելին` հաճախ նա այսպիսի տոնավաճառներում գտնում է մասնագետների, որոնց շնորհիվ իր մեջ միտք է առաջանում ընդլայնելու արտադրությունը` իմանալով, որ տվյալ շրջանում կան այս մասնագետները: Միաժամանակ նա գովազդում է իր արտադրանքը”,- իր խոսքում նշեց նախարարը: Նա համոզված է նաև, որ նման տոնավաճառները, որոնք հատկապես լայն տարածում ունեն զարգացած երկրներում, նպաստում են գործազրկության մակարդակի կրճատմանը: Այս նոր ինստիտուտի շնորհիվ գործատուն և աշխատանք փնտրողը հանդիպում են միմյանց, շոշափում միմյանց ունակություններին վերաբերող հարցեր, տեղեկանում տվյալ շրջանում աշխատանք փնտրող մասնագետների արհեստավարժության ու իրենց պահանջարկի մասին:
Ըստ Գեղարքունիքի փոխմարզպետ Ա. Ղուկասյանի` մարզում գրանցված գործազուրկների թիվը հասնում է 8 հազարի, սակայն իրական թիվը շատ ավելի մեծ է: Նա հույս հայտնեց, որ տոնավաճառը խթան կհանդիսանա աստիճանաբար այդ թիվը կրճատելու համար, քանզի վերջին 2 տարիների ընթացքում նման միջոցառումների շնորհիվ, միջին հաշվով, նախարարության աջակցությամբ շուրջ 400 մարդ տեղավորվել է աշխատանքի:
Նախատեսվում է տարվա ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում անցկացնել ևս 5 աշխատանքի տոնավաճառ: