0
136

Օգոստոսի 28-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ մամուլի ասուլիսով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Ըստ բանախոսների` կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում ընդունված “Եկամտային հարկի մասին” ՀՀ նոր օրենքն ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարի մեկից, ինչով պայմանավորված` միավորվել են եկամտահարկը, պարտադիր սոցիալական ապահովության և անհատական սոցիալական ապահովության վճարներն ու դարձել մեկ` “Եկամտային հարկ”:

Նոր օրենքով սահմանված են մանրամասն մեխանիզմներ և գործիքներ, որոնք գործատուի համար անհնար են դարձնում աշխատողի եկամուտի պակասեցումը: Եթե որևիցե գործատու որոշի ավելի քիչ գումար վճարել աշխատողին, ապա եկամտային հարկը, որ նա վճարում է, ավելի փոքր կլինի: Այդ դեպքում նա խնդիր կունենա հարկային մարմնի հետ, քանի որ օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է, որ աշխատողի փաստացի եկամուտն օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո չպետք է պակաս լինի նախկինում նրա ստացած եկամուտից: Գործատուն վճարում է նույն հարկերը և նույն աշխատավարձը, ինչպես և նախկինում` գումարած առավելագույն այն 1000 դրամը, որը նախատեսվում է նոր օրենքով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի համոզմամբ` այս հանգամանքը բոլորովին չի նշանակում լրացուցիչ բեռ գործատուի համար. “Խնդիր է դրված օպտիմալացնել այն բոլոր տիպի հաշվետվությունները, որոնք ներկայացնում են գործատուները: Դա նշանակում է, որ այսուհետ գործատուները պարտադրված չեն լինի այցելել հարկային մարմիններ: Հունվարի 1-ից գործատուն կներկայացնի ընդամենը մեկ հաշվետվություն` եկամտային հարկի մասով և բացառապես էլեկտրոնային տարբերակով և էլեկտրոնային ստորագրությամբ: Եթե հաշվի առնենք, թե ներկայումս գործատուն որքան ժամանակ ու ռեսուրս է ծախսում տարբեր հաշվետվություններ կազմելու, դրանք տարբեր պետական մարմինների ներկայացնելու համար, ապա նոր օրենքի առաջացրած 775 կամ 1000 դրամ հավելավճարը շատ անգամ զիջում է այդ ծախսերին”:

“Կան մտավախություններ, որ օրենքը ենթադրում է աշխատավարձերի իջեցում: Հարցը երկար ժամանակ քննարկվել է թե ՀՀ կառավարությունում և թե Ազգային Ժողովում: Հարկատեսակի տոկոսները մանրամասնորեն քննարկվել և հաստատվել են հենց այն տրամաբանությամբ, որ հարկերի ավելացում չի լինի, կունենանք նույն հարկային բեռը: Կարևորագույն խնդիրն այն է, որ օրենսդրությունը պետք է ապահովի, որ աշխատողների փաստացի եկամուտները չպակասեն: Օրենքը նախատեսել է այն դրույթը, ըստ որի պետք է անվանական աշխատավարձի բարձրացում տեղի ունենա. եթե այլևս չկա առանձին սոցիալական վճար և եկամտահարկ, այլ կա միասնական եկամտային հարկ, ապա այն նույն գումարները, որ գործատուն վճարում էր որպես հարկ և աշխատավարձ, պետք է այսուհետև միացվեն: Այդ ընդհանուր միացված գումարից կվճարվի մեկ եկամտային հարկ, իսկ աշխատողը կստանա այն նույն եկամուտը, որը նա ստացել է մինչև օրենքի` ուժի մեջ մտնելը”,- իր խոսքում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանը:

Պարոն Ասատրյանի տեղեկացմամբ` սեպտեմբերից գործատուների համար մեկնարկելու են իրազեկման և ուսուցման խոշոր միջոցառումներ, որոնց մասնակցելու են շուրջ 70 հազար գործատուներ: Ուսուցումն իրականացվելու է լայնածավալ իրազեկման միջոցով, որպեսզի բոլոր գործատուները 2013 թվականից ներկայացնեն միայն էլեկտրոնային հաշվետվություն` էլեկտրոնային ստորագրությամբ: Գործատուն այլևս պարտադրված չի լինի այցելելու հարկային մարմին կամ ներկայացնելու հաշվետվությունը թղթային տարբերակով: Բացի այդ` նախատեսվում է էլեկտրոնային ստորագրությունների 2013 թվականի սպասարկումը վճարել պետական բյուջեի միջոցներով, եթե ձեռնարկատերերը մինչև նոյեմբերի 30-ը ձեռք չբերեն դրանք:

Գործատուի կողմից կամայականությունների և աշխատողի փաստացի եկամուտի պակասեցումը թույլ չտալու համար գոյություն ունի համապատասխան տեղկատվական բազա, որը համալրվում է յուրաքանչյուր վարձու աշխատողի աշխատավարձի մասին տվյալներով` ըստ ամիսների:

SHARE
Previous article
Next article