ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը ՀՀ ԱՍՀՆ-ում

0
100

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում պաշտոնավարելու կապակցությամբ պարոն Գրիգորյանը նշեց, որ հիմնադրամի հետ նախարարության համագործակցությունը եղել է արդյունավետ, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: “Շնորհավորում եմ նշանակման առիթով: Համոզված եմ, որ կունենանք հաջողված աշխատանքներ երեխաների պաշտպանության ոլորտում, ինչը շատ կարևոր է մեր երկրի համար: Մեր նախարարությունը Ձեր լավագույն բարեկամն է: Հուսով եմ, շատ շուտով ինքներդ կհամոզվեք դրանում”,- նշեց պարոն Գրիգորյանը: Նախարարը նաև հույս հայտնեց, որ այսուհետ  համագործակցությունն ավելի կընդլայնվի:
Նկատի ունենալով, որ հանդիպումը ճանաչողական էր, նախարարը ներկայացրեց իր տեղակալներին, նրանց աշխատանքի համակարգման ոլորտները և առաջարկեց իրադրությունն ավելի լավ պատկերացնելու նպատակով հանդիպումներ ունենալ ոլորտների պատասխանատուների հետ: Տիկին Ահրենսը, որն ի դեպ պաշտոնավարել է Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկրներում նշեց, որ տպավորված է ջերմ ընդունելությամբ և գործընկերային հարաբերություններն ավելի խորացնելու պատրաստակամությամբ:
“Փորձելու եմ լավ հասկանալ ոլորտի գերակայություններն ու առանձնահատկությունները: Ես նոր եմ այս տարածաշրջանում, իմ պաշտոնավարման նվազագույն ժամկետը երեք տարի է և այդ ընթացքում կջանամ ՄԱԿ-ի կառույցների բոլոր հնարավորություններն օգտագործել Հայաստանի կառավարությանն աջակցելու գործում”,- նշեց մշտական ներկայացուցիչը:

SHARE
Previous article
Next article