Սեպտեմբերի 10-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մարզի 12-րդ աշխատանքի տոնավաճառը: Աշխատանքի տոնավաճառին մասնակցեց տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող թվով 36 գործատու, նրանց կողմից ներկայացված էր 382 թափուր աշխատատեղ, որից 272-ը՝ առկա, 110-ը՝ սպասվող: Տոնավաճառին մասնակցեց շուրջ 2000 աշխատանք փնտրող:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետ պարոն Տիգրան Պետրոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ պարոն Արման Ուդումյանը, Գյումրու քաղաքապետ պարոն Սամվել Բալասանյանը, Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:
Շիրակի մարզպետն իր խոսքում կարևորեց միջոցառումը՝ որպես մարզի աշխատաշուկայում առկա պահանջարկը լրացնելու, իսկ աշխատանք փնտրողների համար իրենց երազած աշխատանքը գտնելու հնարավորություն: Նա կարևորեց նաև Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի դերակատարումը աշխատաշուկայում և աշխատանք փնտրողներին կոչ արեց օգտվել կառույցի ծառայություններից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ուդումյանը ևս շեշտադրեց աշխատանքի տոնավաճառի, ինչպես նաև՝ Գյումրու և մարզի մյուս բնակավայրերի զբաղվածության կենտրոնների կարևոր դերակատարումը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Նա նշեց, որ տոնավաճառը ոչ միայն ապահովում է գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական շփումը և տալիս հնարավորություն կատարելու արագ ընտրություն, այլև արժեքավոր տեղեկատվություն տալիս Գյումրի քաղաքի աշխատաշուկայի վերաբերյալ: Պարոն Ուդումյանը երիտասարդներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել նաև տոնավաճառին զուգահեռ ընթացող վարպետաց դասերին, որտեղ կներկայացվեն պահանջարկված մի շարք մասնագիտություններ:
Գյումրու քաղաքապետ պարոն Բալասանյանը՝ ողջունելով ներկաներին, կարևորեց ներկայացված աշխատատեղերի արագ համալրումը: Նա նշեց, որ Գյումրին շատ աշխատողների կարիք ունի, մասնավորապես շինհրապարկներում, տրանսպորտի, ծառայությունների մատուցման ոլորտներում:
Գյումրու զբաղվածության կենտրոնի տնօրեն Ա. Ադամյանը ներկայացրեց տոնավաճառին մասնակից գործատուներին, նրանց կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը: Նա նշեց, որ տոնավաճառի կազմակերպմանը աջակցություն է ցուցաբերվել Հատուկ տեխնիկական օժանդակություն ԵՄ բյուջետային աջակցության «Լավ որակավորումներ լավ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ տոնավաճառի ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, պանելային քննարկում, մոտիվացնող զրույց-ուսուցումներ, վարպետաց դասեր: Որպես ձևավորված ավանդույթ, Գյումրու զբաղվածության կենտրոնի տնօրենը Զբաղվածության պետական գործակալության անունից շնորհակալագրեր հանձնեց զբաղվածության տարածքային կենտրոնի հետ ակտիվորեն համագործակցած մի շարք գործատուների:
Տոնավաճառին զուգահեռ կազմակերպված էին մի շարք միջոցառումներ (զրույց-ուսուցումներ, վարպետաց դասեր, պանելային քննարկում), որոնք ընթացան աշխատանք փնտրողների ակտիվ մասնակցությամբ:
«Աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության հիմնախնդիրներ»ը թեմայով պանելային քննարկմանը, որպես բանախոսներ հրավիրվել էին գործատուների, ՄԿՈւ ոլորտի, կրթական ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություն, Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի ներկայացուցիչներ, ովքեր տարբեր տեսանկյուններից ներկայացրեցին աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածությանն առնչվող խնդիրները: