0
82

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստում հաստատվել է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը, որի շնորհիվ կբարձրանա կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվի կենսաթոշակային ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաև կնվազեն կենսաթոշակի նշանակման և վճարման կապակցությամբ առկա կոռուպցիոն ռիսկերը, պատահական և միտումնավոր սխալների հնարավորությունը։ “Արդյո՞ք շտեմարանի կիրառումը կարող է բացառել բոլոր ռիսկերը”,- ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հարցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հավաստիացրել է, որ բոլոր ռիսկերը ժամանակին վերլուծվել, քննարկվել և արձանագրվել են։ Բոլոր խնդիրներն իրենց լուծումն են ստանում։ Այլևս բացառվում է գործընթացներին սուբյեկտիվ միջամտությունը։ Տեղեկատվությունն ինքնաշխատ գործելու է, իսկ համապատասխան որոշումները կայացնելու է տեղեկատվական շտեմարանը։ Նշելով, որ լուծման ենթակա հաջորդ խնդիրը վերաբերելու է նպաստներին, վարչապետը հետաքրքրվել է այդ շտեմարանի ձևավորման հարցով։ Նախարարի վկայությամբ նպաստների մասով աշխատանքը ներկայումս ընթանում է։ “Հաշվի առնելով այն, որ մենք անցնում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին և արդեն մեկ պատուհանի սկզբունքով է ընդունվելու քաղաքացիների ցանկացած դիմում, քննարկվում է այդ դիմումների ընդունման և ինքնաշխատ մշակման համակարգը, որը վերաբերելու է նպաստներին և մնացած բոլոր սոցիալական ծառայություններին”,- պատասխանել է նախարարը և նշել, որ այդ համակարգը վերջնական տեսք կստանա հաջորդ տարվա ընթացքում։ 

ՀՀ վարչապետը խնդիր է դրել շեշտակի բարելավել հաշմանդամության սահմանման ոլորտը, որտեղ նույնպես պետք է ունենանք միասնական տեղեկատվական բազա։ «Այս խնդրին պետք է անդրադառնալ հնարավորին չափ շուտ, որովհետև բողոքներն այստեղից շատ ենե,-ասել է Տիգրան Սարգսյանը։ Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով նախատեսվում է հաշմանդամության սահմանման գործում անցնել սկզբունքորեն նոր մոդելի, որը կլինի ավելի թափանցիկ, առարկայական։ “Սա ևս 2013 թվականի մեր հիմնական առաջնահերթություններից է”,- շեշտել է նախարարը։ 
Կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն է ուղղված նաև հաջորդ որոշումը, որը, թելադրված լինելով օրենսդրական փոփոխություններով և իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կապահովի անհրաժեշտ տեղեկատվությամբ։
SHARE
Previous article
Next article