Զարուհի Բաթոյանն ընդունել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին

0
178

«Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և շնորհակալ եմ մեր առաքելությանը նպաստելու համար: «Հայփոստն» այսօր օգնում է մեզ հասնել մեր երկրի բոլոր ծայրերը՝ մեր կենսաթոշակառուների նկատմամբ պետության ունեցած պարտավորությունն իրականացնելու համար: Այս ճանապարհին ևս բազմաթիվ խնդիրներ ունենք, բայց վստահ եմ, որ փոխօգնությամբ և համագործակցությամբ կարող ենք լուծել նաև դրանք»,- այս մասին «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը «Հայփոստի» հետ համագործակցության համատեքստում կարևորել է ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացումը:

«Մեզ համար առանձնահատուկ կարևոր է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությունը, քանի որ մենք շատ լավ պատկերացնում ենք, որ կիսում ենք ձեզ հետ մեր հասարակության ամենախոցելի խմբերից մեկին օգտակար լինելու կարևոր հանձնառությունը: Մենք լուրջ բարեփոխումների շեմին ենք, և ուրախ կլինենք կիսել ձեզ հետ այդ ճանապարհը՝ ի նպաստ կենսաթոշակառուների»,- ասել է Հայկ Ավագյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ կապված կենսաթոշակների վճարման ընթացքում առաջացող խնդիրների լուծման, նոր մեխանիզմների ներդրման հնարավորության և հետագա համագործակցության հետ: