Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման էր հրավիրել սոցիալական ծառայություններ մատուցող կամ մատուցել ցանկացող բոլոր հասարակական կազմակերպություններին՝ ծանոթանալու համար նախարարության կողմից կազմված սոցիալական ծառայությունների փաթեթներին:
Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ են մատուցվելու նոր ձևաչափերով: Ստեղծվելու են ցերեկային կենտրոններ, փոքր տներ, մատուցվելու են ցերեկային և շուրջօրյա նոր ծառայություններ: Դրանք դրամաշնորհային մրցութային կարգով պատվիրակվելու են հասարակական կազմակերպություններին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը մատուցվող ծառայությունների մրցութային կարգի փոփոխությունների մասին խոսել է հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների 40 ներկայացուցչի հետ:
Խոսելով տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների տեսլականի մասին՝ նախարարի տեղակալը նշել է, որ նոր կարգով մրցույթներին կարող են մասնակցել միայն հավաստագրված կազմակերպությունները.
«Առաջիկա տարիներին ծրագրում ենք անցում կատարել քաղաքացուն մատուցվող ծառայությունների առաջարկից դեպի պահանջարկ: Դրամաշնորհային մրցույթների միջոցով ամբողջ հանրապետությունում կստեղծվի սոցիալական ծառայությունների ցանց, և դրանց տրամադրման գործընթացում կներգրավվեն ավելի շատ կազմակերպություններ»:
Այնուհետև, ներկայացրել է փոփոխված մրցութային կարգն ու ծառայությունների փաթեթը: Եթե կազմակերպությունը հավաստագրված է, ապա համապատասխանում է այն չափորոշիչներին, որոնք պահանջվում են ծառայություններ մատուցելու համար: Նոր մրցութային կարգով փոխվել է նաև գնահատման ձևաչափը՝ բացառելով մրցութային գործընթացում սուբյեկտիվ մոտեցումները.
«Մեկ կազմակերպություն կարող է մասնակցել մի քանի մրցույթի, բայց կազմակերպության կողմից ներկայացված մրցութային հայտերը պետք է լինեն համեմատելի և համադրելի, որպեսզի գնահատումը ճիշտ իրականացվի: Ծառայությունները մատուցվելու են բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում»,- մանրամասնել է նախարարի առաջին տեղակալը:
Կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչները ծանոթացել են նաև տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների ծրագրերին, ընթացակարգերին ու պահանջներին.
«Սոցիալական ծառայությունների հավաստագրման ընթացակարգը պարզեցվել է: Հնարավորինս շատ կազմակերպությունների ներգրավումը կնպաստի ամբողջ հանրապետությունում սոցիալական ծառայությունների մեծ ցանց ունենալուն: Անձն ինքը կորոշի, թե որ կազմակերպության միջոցով է ցանկանում ստանալ իրեն անհրաժեշտ ծառայությունը»,- նշել է Գեմաֆին Գասպարյանը: