Պետական աջակցություն առանց ծնողական խնամքի մնացածերեխաներին և մանկատան շրջանավարտներին

0
179

Ի կատարումն ՀՀ Վարչապետի N 01/24.4/ [95044]-11 հանձնարարականի` սույն թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը հանդիպեց մանկատան շրջանավարտների, մանկատների 16-18 տարեկան երեխաների, մանկատան տնօրենների և “Հայ օգնության միության” ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին շրջանավարտերի խնդիրները, կատարվեցին մի շարք առաջարկություններ: Նշվեց, որ “Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջնավարտներին” ծրագիրն ավարտվել է 2010 թվականին և այսուհետ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կհաշվառվեն միայն ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի “Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին” թիվ 983-Ն որոշման համաձայն: Մանկատան շրջանավարտները և մանկատների երեխաները տեղեկացվեցին, որ ՀՀ օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետությունը հաշվառված բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարող է տրամադրել  մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածություն, իսկ հնարավորության դեպքում մեկսենյականոց բնակարան:
2003 թվականից մինչև 2010 թվականը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել  է “Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին” ծրագիրը: Ծրագրի իրականացման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության և ԵՄ Եվրահանձնաժողովի պարենային ապահովության ծրագրի միջև 2001թ. ընդունված փոխըմբռնման հուշագրի նախապայմանները: Ծրագիրը 2003-2005թթ. իրականացրել է “Հայ ժողովրդավարական ֆորում” հասարակական կազմակերպությունը, իսկ 2006թ. մինչ այժմ` “Հայ օգնության միություն” հասարակական կազմակերպությունը:
2003-2008 թվականների ընթացքում շահառու է դարձել 282 շրջանավարտ:
2003-2007թթ. ծրագրերով գնվել է 149 բնակարան:
Բնակարանները տրամադրվել են տասը տարի անհատույց օգտագործման պայմանով, որի համար կնքվել է անհատույց օգտագործման եռակողմ պայմանագիր (շահառու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն):
ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի “Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կար՚ը հաստատելու մասին” N983-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` հաշվառված առանց ծնողական խնամքի մնացած, բնակարանի կարիք ունեցող երեխաների թիվը 2011 թվականի դրությամբ կազմում է 300 երեխա, որոնք չունեն մշտական բնակության վայր` անօթևան են: Յուրաքանչյուր տարի միայն մանկատների 35-40 շրջանավարտ ունենում են բնակարանային խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:
2007 թվականից հետո առաջացել են մի շարք խնդիրներ, որոնց պատճառով 2008-2009 թվականներին բնակարաններ չեն գնվել:
Հարկ է նշել, որ 2010-2011 թվականների պետական բյուջեներով առանց ծնողական խնամքի մնացած, բնակարանի կարիք ունեցող երեխաների բնակարանային խնդիրների լուծման համար միջոցներ չեն նախատեսվել:
ՀՀ Կառավարությունը 2011 թվականի մարտի 31-ին հաստատեց “Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն իրավասություն վերապահելու մասին” N 341_ն որոշումը, համաձայն որի` “Բնակարանային շինարարություն” ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի “Մուշ-2” թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերից մեկսենյականոց 6 բնակարաններ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող հաշվառված անձանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության N 983_Ն որոշմամբ սահմանված կարգով բաշխում և հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
ՀՀ Կառավարության 2011 թվականի  հունիսի 30-ի “Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների քանակը հաստատելու մասին”  թիվ 1051_Ն որոշման համաձայն հաստատվել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերով անհրաժեշտ բնակարանների քանակը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվում է  հանրապետության տարբեր բնակավայրերում սոցիալական բնակֆոնդի համար կառուցված բնակարաններից 2011թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի/ 6 բնակարան/ և Մարալիկ /12 բնակարան/ քաղաքներում բնակարան  տրամադրել մանկատան շրջանավարտներին:
ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակմակերես տրամադրել ՀՀ Լոռու մարզի մանկատան շրջանավարտներին:
Ի կատարումն ՀՀ Վարչապետի 30.09.2011 թվականի թիվ 02/14.2/16001-11 հանձնարարականի` ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանների տրամադրման նպատակով ՀՀ Լոռու մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ Կառավարության 2011թվականի հունիսի 30-ի թիվ 1051_Ա որոշմամբ հաստատված 60 առանց ծնողական խնամքի մնացած անձանց շրջանում:
Համաձայն ուսումնասիրության արդյունքի, բնակարանի կարիք ունեցող թվով 60 առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանցից միայն մեկ անձ է համաձայնել ստանալ նախատեսված բնակմակերեսը, իսկ 13-ը նախընտրել են ստանալ առանձին բնակարաններ:
“Երեխայի իրավունքների մասին” ՀՀ օրենքի (29.05.1996թ) և “Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին” ՀՀ օրենքի (24.09.2002թ. ՀՕ-421-Ն) 9-րդ հոդվածի  համաձայն 18 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ովքեր չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների  ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն: ՀՀ Կառավարության “Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին” N 983_Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով սահմանված է, որ  առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան՝ մեկսենյականոց բնակարանի կամ բնակելի տան (բնակարանում) մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց պարտավոր է ապահովել մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածությունով, իսկ հնարավորության դեպքում` մեկսենյականոց բնակարանով: