“Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ” քարոզարշավը Հայաստանում

0
94

Համաշխարհային շարժումն ընդդեմ գենդերային բռնության տարեցտարի նոր թափ է առնում, ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում կանանց դեմ ուղղված բռնությանը “Ոչ” ասելուն, որի հիմքում ընկած է 1989թ. դեկտեմբերի 6-ին, Մոնրեալում կանադացի 14 ինժեներ ուսանողուհիների դաժան սպանությունը, որը առիթ հանդիսացավ կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող “Սպիտակ ժապավենե քարոզարշավի ստեղծմանը: 1991 թվականից քարոզարշավին մասնակցում են ավելի քան 3700 կազմակերպություն` 164 երկրում:
2000 թվականից Հայաստանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի “Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում” ծրագրի շրջանակներում իրականացվում է “Սպիտակ Ժապավեն” քարոզարշավը, որին վերջին տարիներին միացել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հերթական մամուլի ասուլիսում նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները խոսեցին գենդերային հավասարության ապահովմանն ու գենդերային բռնության դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության, “Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ” համաշխարհային և 2011թ. հայաստանյան քարոզարշավների գործընթացի վերաբերյալ:
Քարոզարշավն իր մեջ ներառում է հիշարժան օրեր. կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օր (նոյեմբերի 25), ՁԻԱՀ-ի համաշխարհային օր (դեկտեմբերի 1), ստրկության վերացման միջազգային օր (դեկտեմբերի 2), Մոնրեալի սպանդի տարելից (դեկտեմբերի 6), մարդու իրավունքների միջազգային օր (դեկտեմբերի 10):
Այս տարի ևս նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը նախատեսվում է անցկացնել բազմաբնույթ միջոցառումներ. կլոր-սեղան քննարկումներ պետական կառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, “Կնոջ կերպարը հայ մամուլում” հետազոտության արդյունքների ներկայացում, “Տղամարդիկ ընդդեմ բռնության” թեմայով քարոզարշավ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների հետ համագործակցությամբ, սոցիալական տեսահոլովակների և ֆիլմերի ցուցադրում, տեղեկատվական հանդիպումներ և սեմինարներ Երևանում և մարզերում:
Քարոզարշավի նպատակներն են.

  • հնարավորություն ընձեռել հանրությանն ու քաղաքացիական հասարակությանը` համատեղելու իրենց ջանքերն ընդդեմ գենդերային բռնության,
  • բարձրացնել գենդերային բռնության և նրա բոլոր տարատեսակների մասին Հայաստանի բնակչության իրազեկվածությունը,
  • տալ գիտելիքներ` Հայաստանում կանանց մարդու իրավունքների չճանաչված խախտումները բացահայտելու և կանանց դեմ ուղղված բռնության նկատմամբ վերաբերմունքը փոխելու մասին,
  • խթանել ԶԼՄ-ների կողմից այս հարցի վերաբերյալ բնակչության իրազեկումը և գենդերային բռնության վերացման ուղիների ավելի ակտիվ լուսաբանումը: