Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը նոյեմբերի 15-17-ը մասնակցեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ և Վիվա Սելլ ՄՏՍ ընկերության հովանավորությամբ կազմակերպված “Կրթություն և կարիերա EXPO-2011” մասնագիտացված ցուցահանդեսին, որն անցկացվեց Երևանում` “Մոսկվայի տուն” մշակութագործարարական կենտրոնում: Կենտրոնի մասնակցությանն օժանդակեց ԱՄՆՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը:
Կենտրոնը ցուցահանդեսին մասնակցեց տաղավարով և մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղարդմանն թեմատիկ դասընթացներով: Մշակվեցին և տպագրվեցին ծնողների, դպրոցականների և երեխաների հետ աշխատող մասնագետների համար “Ես և իմ մասնագիտությունը”, “Ընտանիքը և մասնագիտության ընտրությունը”, “Դպրոցը և մասնագիտական կողմնորոշումը” խորագրերով տեղեկատու թերթիկներ: Տաղավարում խորհրդատուները հանրապետության շուրջ 200 աշակերտներին և երիտասարդներին ներկայացրեցին, թե ինչ մասնակցություն ունի կենտրոնը մասնագիտության ընտրության ու աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման հարցում: “Ինչպես ընտրել մասնագիտություն” և “Ինչպես դառնալ մրցունակ մասնագետ” թեմաներով դասընթացներին մասնակցեց շուրջ 80 աշակերտ և երիտասարդ:
Այցելուները հատկապես հետաքրքրված էին տաղավարում ցուցադրվող ինտերակտիվ աշխատանքով, որի ընթացքում նրանցից յուրաքանչյուրը խաղարկային լուծումներով արտահայտում էր իր վերաբերմունքը իր իսկ մասնագիտության վերաբերյալ: Եռօրյա վիճակագրության արդյունքում պարզ դարձավ, որ մասնակից դեռահասների և ուսանողների մեծամասնությունը դրական է վերաբերվում իր ընտրած մասնագիտությանը և վստահ է, որ իր ընտրած մասնագիտությամբ կարող է մրցունակ լինել աշխատաշուկայում: Մասնակից մեծահասակների գերակշիռ մասը կարծում է, որ իր ընտրած մասնագիտությամբ չի հասել այնպիսի հաջողությունների կամ արդյունքի, որի մասին մտածել է տարիներ առաջ և ձեռքբերումները համարում է աշխատանքային փորձի և ոչ թե մասնագիտության արդյունք: Մեծ թիվ էին կազմում նաև տարբեր տարիքի իրավաբանները, հոգեբանները և քաղաքագետներն, ովքեր, իրենց իսկ խոսքերով, թե՛ աշխատանքային միջավայրում, թե՛ առօրյա կյանքում իրենց մասնագիտական գիտելիքների և հմտությունների շնորհիվ ավելի ներդաշնակ միջանձնային հարաբերություններ են կարողանում ձևավորել և զարգացնել:
Ընդհանուր առմամբ, եռօրյա ցուցահանդեսը լայն հնարավորություններ տվեց ոլորտով հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնելու երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը, ծառայությունների շրջանակը, այցելուներին` ստանալու նախնական տեղեկություններ, խորհրդատվություն` հետագայում ծառայություններից օգտվելու համար ակնկալիքով: