Սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման նոր փուլ

0
107

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Հանձնաժողովը ստեղծվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի հիման վրա, անդամներն են ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի  գործատուների միության հավասար թվաքանակով /5-ական/ ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը` Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աշխատակարգի հաստատում, Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովելու նպատակով գործողությունների ծրագրի մշակման աշխատանքների քննարկում և “ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին”, “ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին”, “ՀՀ աշխատանքի պետական տեսչության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին”, “Աշխատանքի վարձատրության մասին” ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին” ՀՀ օրենքների նախագծերի քննարկում:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը շեշտեց հանձնաժողովի կարևորությունը սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման գործում: Հաստատվեց աշխատակարգը, կողմերին հանձնարարվեց 5-օրյա ժամկետում ներկայացնել թեկնածուներ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի մշակման աշխատանքային խումբ ձևավորելու համար, որն էլ մեկամսյա ժամկետում կներկայացնի ծրագրի նախագիծը: Շահագրգիռ քննարկում ծավալվեց հատկապես “ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի շուրջ, հանձնաժողովը որոշեց կողմերին տրամադրել մեկ շաբաթ` նախագծի վերաբերյալ վերջնական առաջարկություններ ներկայացնելու համար: