Աշխատանքի տոնավաճառ Վանաձոր քաղաքում

0
102

2009թ. հոկտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքում առաջին անգամ պետական բյուջեի ֆինանսավորմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն շուրջ 35 գործատուներ: Տոնավաճառին կներկայացվեն 500-ից ավելի թափուր աշխատատեղեր: Կանխատեսվում է, որ այցելուների թվաքանակը կգերազանցի 3000-ը:

Տոնավաճառի նպատակն է`

  • աշխատանք փնտրողներին հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, տեղեկանալ մեծահասակների կրթության հնարավորությունների մասին, ծանոթանալ երիտասարդների և հաշմանդամների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, երիտասարդների զբաղվածության ներկա իրավիճակին և հնարավորություններին, հաշմանդամների զբաղվածության հիմնախնդիրներին և սոցիալական երաշխիքներին,
  • գործատուներին գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ:

Ս/թ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին պետական բյուջեի ֆինանսավորմամբ տոնավաճառներ են անցկացվել Գյումրի և Դիլիջան քաղաքներում: Գյումրիում տոնավաճառին մասնակցեցին 30 գործատու և շուրջ 3000 աշխատանք փնտրող: Ներկայացվեց 1220 թափուր աշխատատեղ: Համաձայն Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնից ստացված նախնական տվյալների ներկա պահին Գյումրիում տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 44 մարդ: Դիլիջանում տոնավաճառին մասնակցեցին 30 գործատու և շուրջ 1000 աշխատանք փնտրող, ներկայացվել է շուրջ 35 առկա թափուր աշխատատեղ և շուրջ 45` սպասվող: Դիլիջանի զբաղվածության կենտրոնում ամփոփվում են տոնավաճառի արդյունքները:

Նախորդ երկու տարիներին “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության կողմից միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքի տոնավաճառների արդյունքներն ապացուցում են աշխատանքի տոնավաճառի կենսունակությունը, որպես զբաղվածության կարգավորման ակտիվ միջոցառում և գործիք: Համաձայն ԶՊԾԳ տվյալների արդյունքների Երևանում 2007թ. հոկտեմբերի 13-ին ԱՄՆ ՄԶԳ ՍՊՀՀ ծրագրի շրջանակներում TSG-ի և 13 գործընկերների հետ համատեղ իրականացված տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 89 անձ, 2008թ. ՀԲ ՍՊՈԿ ծրագրի զբաղվածության բաղադրիչի շրջանակներում գերմանական GVG կազմակերպության և մի շարք այլ գործընկերների հետ համատեղ Աբովյան, Գորիս, Երևան և Գյումրի քաղաքներում իրականացված 4 տոնավաճառների արդյունքում Աբովյանում աշխատանքի է տեղավորվել 34 անձ, Երևանում` 60 անձ, Գորիսում` 67 անձ, Գյումրիում` 55 անձ: