Մամուլի ասուլիս

0
82

Հոկտեմբերի 16-ին “Նովոստի” մամուլի միջազգային կենտրոնում տեղի ունեցավ “Հույսի կամուրջ” ՀԿ ղեկավար Ս. Թադևոսյանի, “Առաքելություն Արևելք” կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռ. Դուդակլյանի և  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հ. Խաչատրյանի համատեղ մամուլի ասուլիսը` նվիրված “Հավասար հնարավորություններ” խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման 7-րդ մրցույթին, ինչպես նաև  Զարուհի Բաթոյանի  “Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները” ուղեցույցի ներկայացմանը:

Բանախոսները ներկայացրեցին մրցույթի պայմանները, ժամկետները, աշխատանքները ներկայացնելու կարգը և չափորոշիչները: Արդեն 7-րդ տարին անցկացվող մրցույթի նպատակը հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է: Կարող են ներկայացվել 2008թ. նոյեմբերի 20-ից 2009թ. նոյեմբերի 20-ը հրապարակված տպագիր նյութերը, հեռարձակված հեռուստա և ռադիոհաղորդումները: Կոչ արվեց բոլոր լրատվամիջոցներին` պարբերաբար անդրադառնալ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին` ճիշտ շեշտադրումներով ներկայացնելով դրանք:

“Արևածաղիկ” ամսաթերթի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանը ներկայացրեց “Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները” ուղեցույցը, որը հրատարակվել է “Հույսի կամուրջ” և “Առաքելություն Արևելք” կազմակերպություների աջակցությամբ և Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:

Լրագրողների համար նախատեսված ուղեցույցը հաշմանդամության խնդրի վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկատվության երկարատև մոնիթորինգի արդյունք է: Այն ներառում է հաշմանդամ մարդկանց խնդիրների լուսաբանման սկզբունքները, ԶԼՄ-ների դերը հաշմանդամ մարդկանց նկատմամբ կարծրատիպերը կոտրելու գործում, լրատվամիջոցներում կիրառվող լեզուն և բառեզրերը, խնդրի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրները, լուսաբանման առանձնահատկություններն ըստ լրատվամիջոցների և այլն: Ձեռնարկն, իբրև այդպիսին, առաջինն է Հայաստանում: Այն անվճար կտրամադրվի զանգվածային լրատվամիջոցներին, մամուլի ակումբներին, շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին: