2011թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից մշակված ու ներդրված սոցիալական պաշտպանության ոլորտի արդիականացված տեղեկատվական համակարգի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարներ:
Համակարգի շնորհիվ արդիականացվել են ընտանեկան, երեխաների ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստների տեղեկատվական համակարգերը, մշակվել է տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համակարգ:
Ներկայումս տեղեկատվության փոխանակման համակարգին են միացել 12 տեղեկատվական շտեմարաններ, որոնք են` սոցիալական ապահովության քարտերի, կենսաթոշակառուների, հաշմանդամների, գործազուրկների, երեխաների և ընտանեկան նպաստների, անհատական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ինչպես նաև ոչ սոցիալական բնույթի` բնակչության պետական ռեգիստրի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ավտոմեքենաների հաշվառման և տեխզննման շտեմարանները:
Պետական տարբեր օղակների, այդ թվում` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար գերակա խնդիր են տեղեկատվության արդյունավետ կառավարումը, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի արդիականացումը և ներդրումը: Այդ համատեքստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը երեկ համակարգի ներդրման ծրագրի ներկայացման ժամանակ կարևորեց նոր տեղեկատվական համակարգի ներդրումը, որը կօգնի առավել ճշգրիտ և թափանցիկ դարձնել պետական նպաստների տրամադրման գործընթացը:
“Քաղաքացիները կձերբազատվեն ավելորդ փաստաթղթային քաշքշուկներից, պետական մարմինների դռներ թակելուց, տեղեկանքներ հայթայթելուց, երբեմն նաև կեղծ: Այսուհետև, քաղաքացին կդիմի սոցիալական ծառայությանը, կլրացնի դիմում-հայտարարագիր և նոր համակարգը կհեշտացնի հետագա ամբողջ գործընթացը, քանի որ համակարգը ցույց կտա քաղաքացու սոցիալական վիճակի ամբողջ պատկերը”,- իր խոսքում նշեց նախարարը:
Տեղեկատվական համակարգերի հիմնական կիրառման գործում մեծ անելիքներ ունեն մարզերի սոցիալական ծառայությունները: Իսկ ներկա դրությամբ` այն, ինչ կա, լիովին համապատասխանում է այօրվա պահանջներին և չափանիշներին:
“Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հ. Չոբանյանը տեղեկացրեց, որ համակարգը պաշտոնապես կգործի հաջորդ տարվա սկզբից, չնայած այն վեց ամիս է գտնվում էր փորձնական շահագործման մեջ: Համակարգին արդեն միացված են Երևանի բոլոր տարածքային կենտրոնները, ինչպես նաև Աբովյանի և Մասիսի տարածքային կենտրոնները: Տեղեկատվության փոխանակման ինքնաշխատ համակարգը հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ պետության գրեթե բոլոր պետական տեղեկատվական բազաներից, ինչը քաղաքացիներին կձերբազատի տասնյակ տեղեկանքներ և փաստաթղթեր հավաքելու և ներկայացնելու պարտականությունից: Ընդ որում, նրանց սպասարկումը կկատարվի րոպեների ընթացքում, քանի որ այդտեղ ոչ թե կուտակվում, այլ մեկ գործիքի միջոցով հասանելի են դառնում պետական բոլոր ռեգիստրներում առկա քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները:
“Պետական կառավարման մի մարմինը մեկ պատուհանից տեղեկատվություն կկարողանա փոխանցել մյուս պետական մարմնին հաշվառված տվյալների վերաբերյալ և թույլ կտա քաղաքացուն ծառայություններ մատուցել առանց նրանից լրացուցիչ տեղեկանքներ պահանջելու: Նոր համակարգի միջոցով ապահովվում է տեղեկատվության ամբողջականությունը, արդիականությունը, քանի որ համակարգն աշխատում է առցանց”,- բացատրեց Հ. Չոբանյանը:
Ներկայումս նոր համակարգից օգտվում են մի քանի գերատեսչություններ, օրինակ` Կադաստրի պետական կոմիտեն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը: Այն բավականին պարզ է օգտվելու համար և օպերատորներից նոր հմտություններ չի պահանջում: Կենտրոնի ղեկավարը վստահեցրեց, որ բարձր է նաև տեղեկատվական բազայի անվտանգությունը: Այն հարցին, թե որքանով է քաղաքացին ապահովագրված օպերատորի անփութությունից կամ այլ սուբյեկտիվ գործոններից` կենտրոնի տնօրենը պատասխանեց, որ այս համակարգի առավելություններից մեկն էլ հենց նման դեպքերից առավել ապահովագրված լինելն է: Այսուհետև քաղաքացուն սպասարկելու պահին այլ համակարգերից տեղեկատվություն ստանալուց հետո կտպագրվի համապատասխան քավածքը, որը կտրամադրվի քաղաքացուն:
Անհամապատասխանությունների, անճշտությունների դեպքում քաղաքացին հնարավորություն կունենա արձանագրել և ճշտումներ մտցնել տվյալների մեջ, այսինքն` կգործի տեղեկատվության հետադարձ փոխանակման հնարավորությունը: Մյուս առավելություններից մեկն էլ այն է, որ եթե հիմնականում քաղաքացին տեղյակ չէ, թե իր վերաբերյալ ինչպիսի տեղեկություններ կան տարբեր պետական մարմինների շտեմարաններում, ապա այս համակարգի միջոցով դրանք կմեկտեղվեն և թույլ կտան ստուգումներ և ճշգրտումներ կատարել: