Աշխատանքի տոնավաճառ` Արտաշատում

0
115

2009թ. հոկտեմբերի 23-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում առաջին անգամ պետական բյուջեի ֆինանսավորմամբ և “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն 35 գործատուներ: Տոնավաճառին կներկայացվեն 70-ից ավելի թափուր աշխատատեղեր: Կանխատեսվում է, որ այցելուների թվաքանակը կգերազանցի 500-ը:

Տոնավաճառի նպատակն է առաջարկել

  • աշխատանք փնտրողներին` հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, տեղեկանալ մեծահասակների կրթության հնարավորությունների մասին, ծանոթանալ երիտասարդների և հաշմանդամների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, երիտասարդների զբաղվածության ներկա իրավիճակին և հնարավորություններին, հաշմանդամների զբաղվածության հիմնախնդիրներին և սոցիալական երաշխիքներին
  • գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով  մասնագետներ:

2009թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջեի ֆինանսավորմամբ տոնավաճառներ են անցկացվել Գյումրի, Դիլիջան և Վանաձոր քաղաքներում: Գյումրիում տոնավաճառին մասնակցեցին 30 գործատու, և շուրջ 3000 աշխատանք փնտրող: Ներկայացվեց 1220 թափուր աշխատատեղ: Համաձայն Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնից ստացված նախնական տվյալների` ներկա պահին Գյումրիում տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 44 մարդ: Դիլիջանում տոնավաճառին մասնակցեցին 30 գործատու և շուրջ 1000 աշխատանք փնտրող, ներկայացվել է շուրջ 35 առկա թափուր աշխատատեղ և շուրջ 45` սպասվող: Դիլիջանի զբաղվածության կենտրոնում ամփոփվում են տոնավաճառի արդյունքները: Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնից ստացված նախնական տվյալներով տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 67 անձ, 13 գործատուներ հավաքագրել են աշխատանք փնտրողների տվյալներ և կանխատեսվում է, որ առաջիկայում աշխատանքի կտեղավորվի ևս 150 անձ:

Նախորդ երկու տարիներին “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության կողմից միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքի տոնավաճառների արդյունքներն ապացուցում են աշխատանքի տոնավաճառի կենսունակությունը որպես զբաղվածության կարգավորման ակտիվ միջոցառում և գործիք: Համաձայն ԶՊԾԳ տվյալների` Երևանում 2007թ հոկտեմբերի 13-ին ԱՄՆ ՄԶԳ ՍՊՀՀ ծրագրի շրջանակներում TSG-ի և 13 գործընկերների հետ համատեղ իրականացված տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 89 անձ, 2008թ. ՀԲ ՍՊՈԿ ծրագրի զբաղվածության բաղադրիչի շրջանակներում գերմանական GVG կազմակերպության և մի շարք այլ գործընկերների հետ համատեղ Աբովյան, Գորիս, Երևան և Գյումրի քաղաքներում իրականացված 4 տոնավաճառների արդյունքում Աբովյանում աշխատանքի է տեղավորվել 34, Երևանում` 60, Գորիսում` 67, Գյումրիում` 55 մարդ: