ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

0
108

Հոկտեմբերի 21-ին  ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն` անձամբ տեսնելու մեկ տարի անց, կենտրոնի պաշտոնական բացումից հետո արձանագրված ձեռքբերումներն ու խնդիրները: Նրան ուղեկցում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը:

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնն օրերս բոլորեց իր գործունեության երկու տարին: Կենտրոնի առաքելությունն է մասնագիտության ընտրության հարցում դպրոցականներին ուղղորդել դեպի աշխատաշուկա` բացահայտելով նաև նրանց անհատական հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություներն ու նախասիրությունները և աջակցել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանն ու առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելուն:

Եթե ստեղծման առաջին տարում կենտրոնը չուներ ծառայությունների մատուցման համար հարմարավետ տարածք, աշխատանքի հստակ մեթոդաբանություն, աշխատանքային գործիքներ և մեխանիզմներ, ապա այսօր այն հաստատուն քայլեր է կատարում հանրակրթությունում մասնագիտական կողմնորոշման իրականացման և երիտասարդների կարիերայի ուղղորդման ուղղությամբ:

Կենտրոնը գրանցել է նկատելի  ձեռքբերումներ, այն է` գործընկերների շրջանում վստահության դաշտի ստեղծումը, մարզերում գործընկերային ցանցի հիմնումը, այցելուների թվի ավելացումը, ինչպես նաև մշակված մեթոդաբանության համաձայն, ըստ տարիքային խմբերի և կարիքների, ծառայությունների շրջանակի հստակեցումը: Կենտրոնի կողմից իրականացվող միջոցառումներից հատկապես հաջողված են դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ուսումնական ծրագրի անցկացումը, ոչ ֆորմալ կրթությամբ “Դեպի աշխատաշուկա”, “Կարիերայի պլանավորում”, “Աշխատանք փնտրելու կարողություններ” և այլ խորագրերով ուսուցումների անցկացումը, ամառային դպրոցները մարզերի երեխաների համար, ձեռնարկություններում անցկացվող վարպետաց դասերը, մարզային ծրագրերն ու ֆորումները և այլն: Ծրագրերի արդյունքում արձանագրվել է, որ դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ չիրականացնելու պատճառով ավարտական դասարանների աշակերտների գերակշիռ մասը ծանոթ չէ մասնագիտություն-զբաղմունք-աշխատաշուկա հասկացություններին, մասնագիտություն ընտրում է չգիտակցված, չի պատկերացնում իր ապագա կարիերայի ուղին: Եզրահանգումն այն է, որ այսօրվա աշակերտն ամենայն հավանականությամբ վաղը կարող է լրացնել գործազուրկ երիտասարդների առանց այն էլ խիտ շարքերը (ըստ տարբեր վիճակագրությունների` երիտասարդների շրջանում գործազրկությունը կազմում է 43-58%): Առավել մտահոգիչ են մարզերի երիտասարդների կրթության և զբաղվածության ցուցանիշները. դպրոցականներն ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք մարզում պահանջարկ չեն վայելում, միևնույն ժամանակ շատ աշխատատեղեր ամիսներով մնում են թափուր` համապատասխան որակավորման մասնագետներ չունենալու պատճառով:

Վարչապետը ծանոթացավ այցելության պահին կենտրոնում իրականացվող աշխատանքներին, որոնք էին մասնագիտական կողմնորոշման անցկացման վերապատրաստումը Երևանի և մարզերի վերապատրաստողների համար, ռեսուրս- կենտրոնում ինքնակենսագրականի կազմումը և խորհրդատվությունը: Վարչապետը զրուցեց մասնակիցների հետ, հարցադրումների միջոցով պարզեց նրանց հետարքրվածությունը կենտրոնի գործունեությամբ: Կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ներկայացրեց երկու տարվա ընթացքում դպրոցներում իրականացված մասնագիտական կողմնորոշման աշխատանքների արդյունքները: Խոսվեց նաև այն մասին, որ կենտրոնն արդեն ունի մեթոդական լուրջ ներուժ, փորձառություն ունեցող մասնագետներ, սակայն կենտրոնը միայնակ չի կարող արդյունքների հասնել: Վարչապետը ևս հայտնեց իր մտահոգությունը և նախանշեց հետագա որոշ քայլերը, որոնք կնպաստեն դպրոցներում մասնագիտական կողմնորոշման միասնական համակարգի ներդրմանը և կհամակարգեն աշխատանքները գործընկեր կառույցների միջև: Մասնավորապես առաջարկվեց ՀՀ սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև մոտ շրջանում մշակել համագործակցության հուշագիր, համաձայն որի` դպրոցների ուսուցիչները համապատասխան վերապատրաստում կանցնեն մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կատարման ուղղությամբ և կպարտավորվեն հետևողական աշխատանքներ տանել դպրոցներում:

Վերջում անկաշկանդ զրույցով ամփոփվեցին աշխատանքային այցի արդյունքները: Խոսվեց նաև երիտասարդների զբաղվածության ապահովման ներկա իրավիճակի, առկա խնդիրների, ապագա զարգացումների մասին, ներկայացվեց մասնավոր հատվածում գործող կարիերայի կենտրոնների` Careercenter.am-ի, Գլոբալ-ինֆո-ի գործունեությունը, կարևորվեց կամավորական աշխատանքի մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը` որպես առաջին անգամ աշխատաշուկա մտնող երիտասարդի կարողությունների զարգացման լավ հնարավորություն:

Հրաժեշտից առաջ Վարչապետը խոստացավ հետևողական լինել կենտրոնի գործունեության նկատմամբ և կրկին այցելել: