ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ տիկին Բուշրա Հալեպոտային

0
77

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ տիկին Բուշրա Հալեպոտային: Հանդիպման նպատակը փախստականների, ինչպես նաև ՀՀ կարիքավոր ընտանիքների խնդիրների, իրավունքների, բնակարանային հարցերի քննարկումն էր ու հետագա ծրագրերի իրականացմանն ուղղված գործընթացի կազմակերպումը:

Տիկին Հալեպոտան ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված ծրագրերն ու կատարված աշխատանքները: Ճապոնական կառավարության կողմից տրամադրված մոտ 4,2 միլիոն դոլար գումարով կառուցվել են բնակարաններ` 46-ը Արարատ մարզի Դարբնիկ գյուղում, 50-ը` Քասախում, 12-ը` Կոտայքի մարզում, որոնք սեփականաշնորհված չեն և շահառուներին կտրամադրվեն որոշակի չափանիշերից ելնելով: Նա նշեց, որ գործընթացը շարունակական բնույթ պետք է կրի, քանի որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս մեծ թվով փախստականներ ունեն բնակարանային խնդիրներ:

Նախարարն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց տիկին Հալեպոտային` Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանության, սոցիալական ինտեգրման գործընթացում իրենց կազմակերպության մեծ ներդրման և այս ոլորտում ՀՀ կառավարության ջանքերին մեծապես նպաստելու համար: Փախստականները մեր հասարակության անդամ են և որևէ տարանջատում չկա նրանց և ՀՀ քաղաքացիների իրավունքների միջև: Նրանց վերաբերող խնդիրները առնչվում են տարբեր ոլորտներին և գործադիր մարմիններն իրենց գործառույթների և հնարավորությունների շրջանակներում տալիս են անհրաժեշտ լուծումներ:

ՀՀ ԱՍՀ նախարարության նախաձեռնությամբ, համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի, մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել
«1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված անձանց ապահովագրական ստաժները սահմանող հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվել է ս/թ. հուլիսի 23-ին /907-Ն որոշում/: Այդ հանձնաժողովը, որը բաղկացած է տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներից, կապահովի վերոնշյալ անձանց ապահովագրական ստաժների սահմանումը, որը նախ և առաջ նրանց իրավունքների վերականգնումն է,  և որոշակիորեն կբարելավի նրանց սոցիալական վիճակը:

Քննարկվեցին նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի կարևորության, սոցիալական ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացման, փախստականների զբաղվածության խնդիրների, աշխատաշուկայում ընդգրկվելու վերաբերյալ հարցերը: