0
91

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուղերձը

Սիրելի բարեկամներ,

Դեկտեմբերի 3-ը, որպես Հաշմանդամների միջազգային օր, ողջ աշխարհում նշվում  է 1992 թվականից` համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի:
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները գտնվում են մեր կառավարության, մասնավորապես` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում:
Հաշմանդամների հիմնախնդիրները բազմազան են և բազմաբնույթ` սկսած շրջակա միջավայրի մատչելիության և հավասար պայմանների ապահովումից մինչև բժշկասոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում և զբաղվածության խնդիրների լուծում: Պակաս կարևոր չէ նաև հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը, ինչի ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվում ինչպես պետական կառույցների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կողմից:
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանվածության մակարդակն անմիջականորեն կախված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման աստիճանից: Անկախացումից հետո մեր պետության հնարավորությունները թույլ չեն տվել լիարժեք լուծում տալ հասարակության խոցելի խմբերի, այս դեպքում` հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներին, սակայն այն, ինչ արվում է այսօր, հիմք է տալիս լավատեսորեն նայել ապագային:
Հիմնվելով մեր ազգային արժեքների վրա, օգտագործելով զարգացած երկրների փորձը և նվաճումները` մենք կերտում ենք  մի հասարակություն, որտեղ հաշմանդամ մարդը կապրի լիարժեք կյանքով:
Թույլ տվեք նախարարության կոլեկտիվի և անձամբ իմ անունից Ձեզ բոլորիդ` հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց մաղթել առողջություն և բարեկեցություն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Արթուր Գրիգորյան