Ընդունեց Բուլղարիայի Հանրապետության դեսպանին

0
66

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Թ. Ստայկովին:  Պարոն դեսպանը  ներկայացրեց “Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության համագործակցության մասին” և “Հայաստանի  Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին” համաձայնագրերի մշակման աշխատանքների մասին: Նա տեղեկացրեց, որ երկու փաստաթղթերում ամբողջովին ներառվել են հայկական կողմի առաջարկներն ու դիտողությունները:

Նախարարը գոհունակություն հայտնեց երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտների, մասնավորապես` Աշխատանքի պետական տեսչությունների գործընկերության ներկա մակարդակի վերաբերյալ, նաև վստահեցրեց, որ դիվանագիտական համապատասխան խողովակներով համաձայնագրերի ստացումից հետո կարվի հնարավորը` կարճ ժամկետում դրանք վավերացնելու և գործողության մեջ դնելու համար: Նա նաև շնորհակալություն հայտնեց ժողովրդագրության  քաղաքականության մշակման բուլղարական փորձը տեղայնացնելու ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքի համար:

Կողմերը կարծիքներ փոխանակեցին զբաղվածության, սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացման, աշխատանքի և սոցիալական պաշտպանության մյուս ենթաոլորտներում երկու երկրներում տիրող իրավիճակի մասին: “Մենք պատրաստակամ ենք նույնիսկ ճգնաժամի պայմաններում զարգացնել համագործակցությունը”,- նշեց պարոն Պետրոսյանը: