Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցներ առաջիկայում կտեղափոխվեն փոքր տուն

0
170

Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցների խնամքը համայնքային փոքր տանը իրականացնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդեն իսկ ձեռք է բերել համապատասխան շինություն, որն առաջիկայում կվերանորոգվի և կհարմարեցվի նոր բնակիչների համար:

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել նախարարության և Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբ Զիկի գլխավորած «Avondglans»  հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շնորհիվ, որի համաձայն համայնքային փոքր տան կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման նպատակով հիմնադրամը 100.000 եվրո գումար կտրամադրի նախարարությանը:

Նշենք, որ ծրագիրը բխում է նախարարության որդեգրած տարեցների ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից և նպատակ ունի համայնքային փոքր տների ստեղծման միջոցով բարելավել տարեցների խնամքի ծառայությունների մատուցումը:

Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով՝ շինության գնման, վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացման և կահավորման: Ըստ էության, ծրագրի առաջին փուլն արդեն ավարտված է, առջևում՝ վերանորոգման և կահավորման փուլն է: