Կառավարությունը հավանություն տվեց Հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելուն

0
101

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ընթացակարգերի համաձայն՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով Կամընտիր արձանագրությունը ուղարկվեց ՀՀ սահմանադրական դատարան:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ Կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում, փաստաթուղթը կուղարկվի Ազգային ժողով:

Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ստորագրել էր Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը։ Սակայն 2010 թվականի հոկտեմբերի 22-ին վավերացրել էր միայն Կոնվենցիան։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, ինչպես իրավական պարտադիր բնույթ ունեցող մարդու իրավունքների բոլոր միջազգային համաձայնագրերը, ունի մշտադիտարկման բաղադրիչ:

Միջազգային մակարդակում կոնվենցիայի մշտադիտարկումը ապահովում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն: Հենց Կոմիտեն է քննարկում մասնակից պետությունների կողմից պարբերաբար ներկայացվող զեկույցները և դրանց հիման վրա աշխատում է պետությունների հետ, կատարում է ամփոփիչ դիտարկումներ, առաջարկություններ ներկայացնում:

Մշտադիտարկման մեխանիզմներից մեկն է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, որը կարգավորում է հարցեր, որոնք հենց կոնվենցիայով բավարար չեն կարգավորվում: Այն բաց է վավերացման կամ միանալու համար միայն այն պետությունների համար, որոնք մայր կոնվենցիայի մասնակից են: Սակայն, այն «կամընտիր» է այն իմաստով, որ պետությունները պարտավոր չեն դառնալ արձանագրության անդամ, եթե նույնիսկ մայր կոնվենցիայի մասնակից են:

Կամընտիր արձանագրության վավերացումը հնարավորություն կտա Կոմիտեին մոնիթորինգ իրականացնել երկու եղանակով՝ անհատական հաղորդման և հետաքննության ընթացակարգերով:

Անհատական ընթացակարգ

Անհատական հաղորդման ընթացակարգը Կամընտիր արձանագրության մասնակից պետություններում թույլ է տալիս անհատներին և անհատների խմբերին բողոքներ ներկայացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին, այն մասին, որ պետությունը խախտել է կոնվենցիայով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկը։ Կոմիտեն հետո քննարկում է գանգատը, ձևակերպում իր տեսակետներն ու առաջարկությունները և ուղարկում է դրանք կոնկրետ պետության։ Այդ տեսակետները և առաջարկությունները հայտնվում են կոմիտեի՝ Գլխավոր ասամբլեային ուղղված հանրային զեկույցում։ Անհատական հաղորդման ընթացակարգերը հիմնականում թղթային կամ գրավոր ընթացակարգեր են։ Այլ կերպ ո՛չ բողոք ներկայացնողը, ո՛չ էլ պետությունը անձամբ հանդես չեն գալիս կոմիտեի առջև. բոլոր առաջարկությունները կատարվում են գրավոր։

Անհատական հաղորդման ընթացակարգը բաղկացած է հետևյալ քայլերից։

  • Կոմիտեն ստանում է բողոքը։
  • Կոմիտեն քննարկում է բողոքի ընդունելիության հարցը։ Երբեմն բողոքի ընդունելիությունը քննարկվում է գանգատի բովանդակության հետ մեկտեղ, այլ կերպ ասած՝ որոշում է ընդունվում, որ բողոք ընդունելի է և միևնույն ժամանակ որոշում է ընդունվում պետության կողմից պարտավորությունները խախտելու կամ չխախտելու մասին։
  • Կոմիտեն բողոքը գաղտնի ուղարկում է պետությանը։
  • Վեց ամսվա ընթացքում պետությունը ներկայացնում է խնդիրը պարզաբանող գրավոր բացատրություններ և փաստարկներ, ցույց է տալիս, թե ինչ վերականգնողական և/կամ այլ քայլեր է ձեռնարկվել։
  • Բողոքողին հնարավորություն է տրվում մեկնաբանել պետության դիտարկումները։
  • Կոմիտեն կարող է խնդրել պետությանը ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ պաշտպանելու բողոքողի իրավունքները։
  • Կոմիտեն քննում է բողոքը փակ նիստում։
  • Կոմիտեն առաջարկություններ և դիտողություններ է անում, եթե այդպիսիք կան, պետության և բողոքողին, ու հաճախ պահանջում է պետություններից ապահովել տեղեկություն՝ արդյունքում ձեռնրկած քայլերի վերաբերյալ։
  • Կոմիտեն հրապարակում է իր առաջարկությունները և դիտողությունները իր զեկույցում։ Այլ կոմիտեները, որոնք ունեն անհատական հաղորդման ընթացակարգ, ավելի ու ավելի հաճախ են խնդրում պետություններին զեկույցներ ներկայացնել իրենց այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են ի պատասխան իրենց առաջարկությունների և հանձնարարականների։

Ոչ բոլոր հաղորդումներն են ընդունելի համարվում։ Կոմիտեն հաղորդումն անընդունելի է համարում, երբ

  1. այն անանուն է,
  2. այն հանդիսանում է կոնվենցիայի դրույթների խախտում կամ անհամատեղելի է դրանց հետ,
  3. նույն բողոքն արդեն իսկ քննվել է կոմիտեի կողմից,
  4. առկա բոլոր ներպետական միջոցները սպառված չեն եղել,
  5. այն լավ հիմնավորված կամ բավարար փաստարկված չէ,
  6. վկայակոչված փաստերը տեղի են ունեցել կամ վերացվել են մինչև տվյալ պետության համար կոնվենցիայի ուժի մեջ մտնելը։

Հետաքննության ընթացակարգ

Եթե կոմիտեն ստանում է հավաստի տեղեկատվություն, որ մասնակից պետությունը թույլ է տվել կոնվենցիայի դրույթների կոպիտ կամ պարբերաբար խախտումներ, այն կարող է հրավիրել պետությանը համագործակցելու այդ տեղեկության քննարկման հարցում՝ ներկայացնելով իր դիտարկումները։ Մասնակից պետության դիտարկումները և ցանկացած այլ հավաստի տեղեկություն քննարկվելուց հետո կոմիտեն կարող է իր մեկ կամ մի քանի անդամների նշանակել՝ շտապ հետաքննություն վարելու և զեկույց պատրաստելու համար։ Հանձնարարության դեպքում և կոնկրետ պետության համաձայնությամբ՝ հետաքննությունը կարող է ներառել այցելություն խնդրո առարկա երկիր։ Հետաքննության բացահայտումները քննարկելուց հետո կոմիտեն այդ բացահայտումներն իր մեկնաբանություններով հանդերձ փոխանցում է պետությանը, որը վեցամսյա ժամկետում պետք է ներկայացնի իր դիտարկումները կոմիտեին։ Հետաքննությունը գաղտնի է և իրականացվում է տվյալ պետության հետ սերտ համագործակցությամբ։

Վեցամսյա ժամկետի ավարտից հետո, որի ընթացքում պետությունը կարող է ներկայացնել իր դիտարկումները, նրան հրավիրում են մանրամասնորեն ներկայացնելու ուղղությամբ։ Կոմիտեն կարող է պետությունից պահանջել տեղեկություններ, այնուհետև կոմիտեն Գլխավոր ասամբլեային ուղղված իր զեկույցում հրապարակում է իր բացահայտումների սեղմագիրը։ Տվյալ պետության համաձայնությամբ կոմիտեն կարող է նաև հրապարակել հետաքննության վերաբերյալ նրա ամբողջական զեկույցը։ Կամընտիր արձանագրությունը վավերացրած պետությունը կարող է «շրջանցել» հետաքննության ընթացակարգերը։ Այլ կերպ ասած՝ արձանագրությունը ստորագրելու, վավերացնելու կամ դրան միանալու ժամանակ պետությունը կարող է հայտարարել, որ չի ճանաչում կոմիտեի՝ հետաքննություն իիրականացնելու իրավունքը։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ պետությունը «շրջանցում» է հետաքննության ընթացակարգը, միևնույն է՝ Կամընտիր արձանագրության բոլոր անդամները պարտավոր են ընդունել անհատական հաղորդման ընթացակարգը։ Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերի մեծ մասը նույնպես նախատեսում է կամընտիր հաղորդման ընթացակարգեր։

Ինչո՞ւ Հայաստանը մինչ այս չէր վավերացնում կամընտիր արձանագրությունը

Հայաստանի Հանրապետության` ավելի վաղ վավերացումից խուսափելու գլխավոր պատճառը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների թերի իրականացումն էր: Հայաստանը չէր իրականացրել անհրաժեշտ բոլոր գործողությունները, ներառյալ օրենսդրության ընդունումը, փոփոխելու կամ չեղյալ հայտարարելու գործող այն օրենքները, կանոնակարգերը, սովորույթներն ու գործելակերպը, որոնցում առկա էր խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:

Ինչպես նշվում էր 2012 թ. ՀՀ Կառավարության ներկայացրած սկզբնական համապարփակ զեկույցում, վավերացումը պետական քաղաքականության օրակարգում է և այն կիրականացվի առաջիկա տարիներին՝ պայմանների էական բարելավումից հետո: