Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրերի արդունավետ փորձը Գյումրիում. Գոհարի հաջողության պատմությունը

0
156

Գոհար Ղուկասյանը Գյումրիից է:  Աշխատում է «Կիդո» մանկական զարգացման կենտրոնում: Աշխատանքի առաջարկը ստացել է Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնից, որը զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համատեքստում, իրականացնում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ուղղված ծրագրեր:

Կենտրոնը, բանակցելով գործատուի հետ, իրականացրել է աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիրը, որի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովումն է:

Ծրագրի մյուս բաղադրիչով կատարվել է աշխատատեղի հարմարեցում: Գործատուին միանվագ փոխհատուցման շրջանակներում ձեռք են բերվել Գոհարի աշխատանքի իրականացման  համար անհրաժեշտ տեսախցիկները, որոնք օգնում են նրան կատարել հսկիչ-մենեջերի գործառույթները:

«Տեսախցիկի միջոցով հսկում եմ երեխաների մուտքը և ելքը, ապահովում եմ նրանց անվտանգությունը, հսկում եմ նաև խմբավարների աշխատանքը և  համակարգում եմ այն»,- ասում է Գոհարը:

Գոհարն առաջին մասնագիտությամբ բուժքույր է:  Ուսումնասիրել է նաև բնապահպանություն և այժմ ունի երկու մասնագիտություն, որոնք որոշ չափով համատեղում է աշխատավայրում.

«Երեխաներին շատ եմ սիրում, իմ աշխատավայրում ինձ վստահեցին նաև խմբավարի աշխատանքը: Երեխաներին դասավանդում եմ Էթիկա և առողջ ապրելակերպ, որտեղ կիրառում եմ բժշկության և բնապահպանական ոլորտում ստացած գիտելիքները»,- նշում է Գոհարը:

Նա  հաշվառված է եղել Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնում 2012 թ.-ից, 2019 թ.-ին նրան հաջողվել է աշխատանքի տեղավորվել: Նա նշում է, որ այդ ժամանակահատվածում կենտրոնից ստացել է աշխատանքի բազմաթիվ առաջարկներ, որոնք, պայմանավորված գործատուի կամ իր դիրքորոշումներով, արդյունք չեն ունեցել:  Չնայած դրան՝ Գոհարը մշտապես կապի մեջ է եղել Զբաղվածության տարածքային կենտրոնի հետ, ընդգրկվել է մասնագիտական ուսուցման դասընթացներում, մասնակցել տարբեր միջոցառումների:

«Քանի որ գրանցված էի տարածքային կենտրոնում և փնտրում էի աշխատանք, Կենտրոնի աշխատակիցներն ինձ առաջարկել են մասնակցել մի շարք դասընթացների և  միջոցառումների: Դրանց  արդյունքում ես ձեռք եմ բերել բազմաթիվ հմտություններ, ինչպիսիք են, օրինակ, հաղորդակցությունը,  գործատուների հետ հանդիպումը,   իրավունքների մասին իրազեկումը»,- ասում է Գոհարը:

Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնը այն եզակիներից է, որն ունի մշակված դասընթացների մեթոդաբանություն: Կենտրոնի աշխատակիցները  մշակել են «9 քայլ դեպի աշխատաշուկա» դասընթացների մեթոդաբանությունը և համագործակցելով «Էմիլի Արեգակ» կենտրոնի և Հայկական Կարիտաս ԲՀԿ հետ, իրականացնում են այն:

Կենտրոնի փորձագետ Լաուրա Մարտիրոսյանը նշում է, որ այս մեթոդաբանության շրջանակներում վերապատրաստվել են հաշմանդմություն ունեցող անձինք, ովքեր ստացել են գիտելիքներ, հմտություններ, ուղղորդվել են մասնագիտական ուսումնարաններ և աշխատաշուկայում մրցունակ դարձել։

Գոհարը նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ուղղված ծրագրերը կոտրում են գործատուների շրջանում առկա կարծրատիպերը. «Նրանք համոզվում են, որ  մենք էլ  կարող ենք մեր աշխատանքը գերազանց կատարել: Այս ծրագրերն ինքնավստահութուն են ներշնչում հաշմանդամություն ունեցող անձին, օգնում կայանալու նաև զբաղվածության ոլորտում»: