ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, ընդունված կարգի համաձայն, կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ներկայացել էր երեք քաղաքացի` աշխատանքի տեղավորման, հաշմանդամության կենսաթոշակի իրավունքի, բնակարանային պայմանների բարելավման հարցերով:
Բոլոր քաղաքացիները հնարավորություն ստացան հանգամանորեն ներկայացնել իրենց խնդիրները:
Հ. Ղամբարյանը երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում: Աշխատավայրում առողջությանը պատճառված վնասի հիման վրա հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու գործում ունեցել է դժվարություններ: Դիմել էր նախարարին մեկ տարվա չստացած կենսաթոշակը ստանալու համար, սակայն պարզվեց, որ խնդիրը դատախազության համակարգի հետ է: Պարոն Ղամբարյանին խորհուրդ տրվեց դիմել սոցիալական ապահովության պետական ծառայություն` տարիքային կենսաթոշակի իրավունքը ձևակերպելու: Նրան նաև տրվեց խորհրդատվություն` աշխատավայրում ստացած հիվանդության հիման վրա հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ քայլերի մասին:
Մ. Մանասարյանը մանկավարժի դիպլոմ ունի, 2008թ.ավարտել է ԲՈՒՀ-ը, չի կարողանում աշխատանքի տեղավորվել, երկրորդ խմբի հաշմանդամ է: Նախարարը հանձնարարեց համապատասխան վարչությանը` պարզել Մանասարյանի անհատական վերականգնողական ծրագրով երաշխավորված աշխատանքների ցանկը և զբաղվածության ծառայությունների միջոցով գտնել և առաջարկել աշխատանքի հարմար տարբերակներ:
Գոհար Հովհաննիսյանը նպաստառու է, երեք անչափահաս երեխաների հետ բնակվում է ոչ բավարար պայմաններ ունեցող տնակում: Երեխաներից երկուսը հիվանդացել են պալարախտով: Գոհարի ընտանիքին պարբերաբար օգնում է Երևանի քաղաքապետը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սակայն խնդիրները շատ են: Այս անգամ եկել էր խմելու ջրի հարցը լուծելու խնդրանքով, և թեև դա նախարարության գործառույթներից դուրս է, նախարարը հանձնարարեց աշխատակազմի ղեկավարին` բոլոր հնարավոր միջոցներով հասնել խնդրի լուծմանը: